|
2008թ.
ապրիլի 15-ին Ս. Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցավ
Հայաստանի շրջանների և Երևանի պոլիկլինիկաների ակնաբույժների վերապատրաստման
ծրագրի ավարտի և վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության, ԱՄՆ Միջազգային
զարգացման գործակալության, Կրթությամբ զարգացման ակադեմիայի բարձրաստիճան
ներկայացուցիչներ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն պրոֆ. Ա.
Մալայանը, բժիշկներ, վերապատրաստմանը մասնակից ակնաբույժներ:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն պրոֆ. Ա. Մալայանը, առաջին
հերթին շնորհակալություն հայտնեց «Հայկական ակնաբուժության նախագիծ»
բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին,
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, որոնք նպաստեցին լայնածավալ
կրթական ծրագիր իրականացմանը ակնաբուժության ոլորտում և այն բոլոր
բժիշկներին, ովքեր մասնակցել են պրոցեսին:
Կրթության նշանակության մասին հայերի հետ խոսելն ավելորդ է, քանի որ
շեշտադրումը կրթության վրա հայերին հետապնդում է դարերից ի վեր: Ընդ որում
մոտ օրերս նշվելու է կենտրոնի 30 ամյակը:
-Այսօրվա հաջողություններն ամբողջ անձնակազմի նվաճումն է, որին 1993թ-ին
միացավ «Հայկական ակնաբուժության նախագիծը» – նշեց Ա. Մալայանը:
Բանախոսն
ավելացրեց, որ նախագծի հաջողությունը կապված էր մասնակիցների ակտիվությամբ:
Ակտիվ մասնակցութան համար շնորհակալություն հայտնվեց նաև Առողջապահության
նախարարությանը:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան
գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ սա շատ մեծ պատիվ
է, քանզի կարողացան ավարտին հասցնել այս դասընթացը, որը շատ
կազմակերպությունների և անհատների ջանքերի շնորհքն է: «Հայկական
ակնաբուժության նախագծի» շնորհիվ մասնագիտական վերապատրաստում է անցել ավելի
քան 1000 առաջնային օղակի բուժաշխատող: Համենայն դեպս գիտելիքներն ընդլայնվել
են և կօգտագործվեն ի բարօրություն մեր բնակչությանը՝ շրջաններում:
Վերապատրաստման մասնակիցները շրջանների և Երևանի ակնաբուժական
պոլիկլինիկաների ակնաբույժներ էին: Վերջում Ն. Եղիազարյանն ավելացրեց, որ
նման դասընթացները լինելու են շարունակական:
Տեղեկատվության կարգով նշենք, որ ակնաբույժների վերապատրաստման ծրագիրն
իրականացվել է 2008թ. հունվարի 21-ից մինչև ապրիլի 4-ը: Երեք փուլով ընթացած
դասընթացներին մասնակցել է 42 ակնաբույժ՝ 25-ը Հայաստանի մարզերից և 17-ը՝
Երևանի պոլիկլինիկաներից: Ընդ որում վերապատրաստումն անցկացվել է Ս. Մալայանի
անվան ակնաբուժական կլինիկայում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից
հիմնադրված Ուսուցման և ախտորոշման կենտրոնում և վիրահատական հմտությունների
զարգացման լաբորատորիայում:
Ինչպես նշեց պրոֆ. Ա. Մալայանը նման միջոցառման անցկացումը ակնաբույժների
ոլորտում առաջին անգամ էր, մինչ այդ եղել է ընտանեական բժիշկների ոլորտում:
Այս դասընթացներին կմասնակցեն նաև Հանրապետության բոլոր ակնաբույժները:
ՀԱՆ-ի տնօրեն Ն. Եղիազարյանն ավելացրեց, որ տեղի ակնաբույժները և Երևանի
պոլիկլինիկական ակնաբույժները շատ վաղուց վերապատրաստում չէին անցել: Ամեն
դեպքում համատեղ ջանքերի միջոցով հնարավոր եղավ իրականություն դարձնել այս
ծրագիրը: Նախնական պայմանավորվածության համաձայն նախատեսվում էր երկու նման
ցիկլ անցկացնել, այսինքն կրթել 30 հոգի, սակայն քանի որ դասընթացները շատ
հաջող էր անցկացվում և բոլորը շատ գոհ էին համատեղ ուժերով ավելացվեց նաև
երրորդ խումբը և ստացվեց 42 հոգի:
2003թ-ից ՀԱՆ-ը սկսել է իր յոթնամյա «Լույս հայի աչքերին» նախաձեռնությունը,
որի հիմնական ուղղություններն են՝ բուժօգնություն, տվյալների հավաքագրում և
հետազոտական աշխատանքներ, բժշկական ուսուցում և վերապատրաստում,
հմտությունների զարգացում, հանրային ուսուցում և իրազեկում: ՀԱՆ-ի Աչքի
շարժական հիվանդանոցը շրջում է Հայաստանի մարզերում՝ բնակչությանը
տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ:
Մասնակիցների խոսքերով նման ծրագրեր դեռ չէր իրականացվել և նման
վերապատրաստում չէին ստացել և չէին պատկերացնում, որ երկու շաբաթվա ընթացքում
հնարավոր էր այդքան շատ տեղեկատվություն ստանալ:
 Ս.
Մալայանի անվան
ակնաբուժական կենտրոնը շարունակում է միջոցներ ներդնել ժամանակից բժշկական
սարքավորումների ձեռք բերման համար: Քանզի վիրահատությունը կախված է ինչպես
բժիշկների պրոֆեսիոնալիզմից, այնպես էլ վիրահատական նորագույն
սարքավորումներից, գործիքներից:
2008թ. մարտի 21-ին Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից ձեռք են
բերվել «Facco» ֆիրմայի միկրոսկոպներ և «Alcon» ֆիրմայի ֆակոֆրագմենտատորներ,
որոնք նախատեսված են կատարակտային վիրահատությունների համար: Բժիշկների
պնդմամբ այդ սարքավորումների առկայությունը մեծ քայլ էր հիվանդների բուժումը
դեպի միջազգային ստանդարտների մակարդակին հասցնելու համար:
Հայաստանի
գինեկոլոգների և էնդոկրինոլոգների ասոցիացիան մաշկային
կոսմետալոգիայի հետ համատեղ Երևանում կազմակերպել էին
գիտա-գործնական կոնֆերանս:
Կոնֆերանսը, որը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 15-ին, կրում
էր «Նյարդաներզատիչ ախտանիշեր: Ինովացիոն միջոցներ մաշկային
կոսմետալոգիայի մեջ ի հայտ եկող նյարդաներզատիչ ախտանիշերի
շտկման համար» խորագիրը:
Ասոցիացիայի փոխնախագահ Պեռսոյան Իննան կոնֆերանսի բացման
ժամանակ իր խոսքում ընդգծեց, որ նույնիսկ կոնֆերանսի օրը
պատահական ընտրված չէ: Մայրության և գեղեցկության տոնը շատ լավ
առիթ է ևս մեկ անգամ հիշեցնելու կանանց, որպեսզի հետևեն իրենց
առողջությանը:
Ի դեպ, հիշյալ ասոցիացիան գործում է դեռևս 2000 թվականից: Այն ոչ
առևտրային կազմակերպություն է, որը միավորում է գիտա-հետազոտական
գործնեությամբ զբաղվող գինեկոլոգների, ընդհանուր
էնդոկրինոլոգների, նյարդաբանների, հոգեբույժների,
մանկաբույժների, ուռուցքաբանների, սրտաբանների, դեղագործների և
այլ մասնագիտության բժիշկների, ովքեր ուսումնասիրում են կնոջ առողջական
վիճակը նրա կյանքի տարբեր աստիճաններում:
Կոնֆերանսին ներկա Գինեկոլոգների և էնդոկրինոլոգների ասոցիացիայի
պատվավոր անդամ, Մոր և մանկան
առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի
տնօրեն
Գեորգի Օկոևն իր խոսքում ընդգծեց, որ շատ է կարևորում, նմանատիպ
հանդիպումները: Ըստ նրա նմանատիպ միջոցառումները փորձի
փոխանակման լավ աղբյուր են հանդիսանում, որն անշուշտ կկիրառվի
նրանց հետագա գործունեությունում:
Գ. Օկոևի հետ համակարծիք էր նաև Երևանի քաղաքապետարանի
առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն
Սողոյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ նման կոնֆերանսները, ինչպես նաև
դրանից հետո տարվող աշխատանքները կնպաստեն, որպեսզի մեր
մասնագետների թիվն ավելանա, իսկ եղած մասնագետների մասնագիտական
որակը բարձրանա:
Կոնֆերանսին ներկա էին նաև ապագա էնդոկրինոլոգներ: Ըստ նրանց
նմանատիպ միջոցառումների անցկացումը շատ կարևոր է, դեռ ավելին
այս կոնֆերանսը նրանց մեջ ցանկություն է առաջացրել անդամակցել
ասոցիացիային:
Տեղեկատվության կարգով նշենք նաև, որ կոնֆերանսի պաշտոնական
բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նաև ասոցիացիայի կայքի
շնորհանդեսը: Այսուհետ ոչ միայն բժիշկները, նաև այլ
մասանագիտության անձիք կկարողանան գինեկոլոգիայի և
էնդոկրինոլոգիայի ոլորտին առնչվող մանրամասն տեղեկություններ
ստանալ
www.ginaecendoc.com
կայքում, որի դիզայնը կատարվել
է
«Դրագո Բարզինի»
(Drago Barzini)
ընկերության կողմից:
-
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ընդհանուր տեղեկատվությունը, որ մեր
քաղաքացիներն ունեն և ներկայում տիրող վիճակը, իրար չի համապատասխանում,- նշում է
Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի վիրաբուժության ծառայության ղեկավար, ընդհանուր
վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արթուր Սահակյանը և հավելում, որ այսօր
ենթաստամոքսային գեղձի վիրահատությունը դուրս է եկել որակական նոր փուլ:
Դա հնարավորություն է տալիս ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատություններն
անել չնչին հետվիրահատական մահվան և բարդությունների տոկոսով: Քանաքեռ-Զեյթուն
բժշկական կենտրոնում հիշյալ վիրահատության մահացությունը հասնում է 0.5-0.7, իսկ
բարդությունները՝ 1.5-2%:
Ըստ Ա. Սահակյանի այդ թվերը շատ կարևոր և զարմանալի են, քանզի երկար ժամանակ
ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վիրահատությունները կապված էին շատ բարձր
մահացության և հետվիրահատական բարդությունների տոկոսների հետ՝ վիրահատված
հիվանդների մոտավորապես 1/3-ին կորցնում էին, իսկ բարդությունները հասնում էր 60-70%:
Թվերից պարզ երևում է, որ այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է: Վերջինս պայմանավորված
է վիրահատական միջամտության տեխնիկայի բարելավմամբ, նոր
վիրաբուժական գործիքների կիրառման հետ, որոնք հնարավորություն են տալիս
վիրահատություններն իրականացնել գրեթե անարյուն: Սրանց կիրառմամբ կրճատվել է նաև
վիրահատության ժամանակահատվածը: Եթե առաջ կլասիկ վիրահատությունները տևում էին
4.5-ից 6.5 ժամ, այժմ դա տևում է 3 ժամից ոչ շատ. պետք է միայն, որ հիվանդները
բժիշկներին դիմեն հիվանդության վաղ շրջանում:
Ամեն մի ուռուցքային պաթալոգիայի ժամանակ չկան հստակ պատճառներ, որոնք կարող են
բերել քաղցկեղի առաջացման, բայց կան որոշակի «բարենպաստ» վիճակներ, որոնք կարող են
հանգեցնել դրան. տղամարդկանց մոտ ծխելն ու ալկոհոլի օգտագործումն է, կանանց մոտ
ավելի հաճախ գիրությունը:
2007 թվականի ընթացքում Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում իրականացվել է ավելի
քան 16 վիրահատություն, իսկ 2008թ. շուրջ 2 ամսվա ընթացքում իրականացվել է 3
վիրահատություն:
Արթուր Սահակյանը գտնում է, որ ցանկալի է, որպեսզի նման հիվանդներին կենտրոնացնեն
մեկ բուժհաստատությունում, քանզի երբ կենտրոնացում է գնում արդյունքներն ավելի են
լավանում, բացի դրանից նման կենտրոնացումը կբերի նրան, որպեսզի սկսնակ
վիրաբույժները, իրենք կարողանան տեսնել այդ վիրահատությունները:
 Սուրբ
Աստվածամայր
(“Surb
Astvatcamajr” Medical Center)
բժշկական կենտրոնի բուժաշխատողները վաղուց էին սպասում այս օրվան: Դեռևս
2007թ. մարտ ամսից վերանորոգվում էր բուժկենտրոնի վերակենդանացման
բաժանմունքը:
2008թ.
փետրվարի ութին ժամը 1100-ին Սուրբ Աստվածամայր բժշկական
կենտրոնում ՀՀ առողջապահության
նախարարը, բուժկենտրոնի տնօրենն
ու Երևանի փոխքաղաքապետը կտրեցին կարմիր
ժապավենը: Բուժկենտրոնի տնօրեն՝ Նիկոլայ Դալլաքյանը բարձրաստիճան այրերին
ցույց տվեց բոլոր վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած
հիվանդասենյակները: Վերանորոգումը և սարքավորումների ձեռք բերումը
իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի հատկացումների միջոցով:
Ի դեպ, եթե մինչ այդ վերակենդանացման բաժանմունքը նախատեսված էր փոքրիկների,
այժմ նաև մեծերի համար, բայց առանձին հիվանդասենյակներով:
Իսկ նորաբաց բաժանմունքի պատերին գեղեցիկ զարդանախշերը նկարել էին Գեղեցիկ
արվեստների ազգային ակադեմիայի սաները:
Երկրորդ
բուժմիավորման դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Էդուարդ
Ավետիսյանը հոկտեմբեր ամսին անցկացրել է լեզվի բարդ վիրահատություն:
Դեռ չորս տարի առաջ այցելուն դիմել էր օրթոդոնտի օգնությանը, որպեսզի ուղղեն
իր ատամնաշարը, բայց ներբերանային սարքը կրելուց և հանելուց հետո ատամնաշարը
ընդունում էր նախկին՝ «հովհարաձև» դիրքը: Պատճառը լեզվի մկանային ուժն էր,
որն ատամնաշարը հրում էր դեպի դուրս:
Վերջապես
օրթոդոնտները որոշեցին դիմել դիմածնոտային վիրաբույժին: Մանրակրկիտ
հետազոտություններ և հաշվարկներ կատարելուց հետո պարզվեց, որ լեզուն իր
ծավալներից մեծ է, որն էլ ցուցում եղավ վիրահատության:
Մակրոգլասիան ( հունարեն նշանակում է
macro-մեծ,
glossa-
լեզու)
լեզվի
զարգացման բնածին արատ է, որը շատ հաճախ արտահայտվում է երեխայի ծնված առաջին
իսկ օրվանից: Բայց, երբեմն այն կարող է արտահայտվել ոչ միանգանից, այլ որոշ
ժամանակ անց, առավել հաճախ սեռական հասունության շրջանում:
- Տվյալ դեպքում և՛ դիմային ոսկորների, և՛ փափուկ հյուսվածքների գերաճ էր
նկատվում, մասնավորապես լեզվի,- նշել է Է. Ավետիսյանը:
Ըստ բժշկի, կատարվել է լեզվի չափսերի փոքրացում հետին և միջին մեկ երրորդների
սահմանում և կողքերից սեփաձև կտրվածքներ՝ այդ ձևով պահպանելով լեզվի
կառուցվածքը, նյարդավորումը և անոթային սնուցումը:
Ջնայած բարդությանը վիրահատությունը տևել է երկու ժամ և ավարտվել է
բարեհաջող:
Այս
տարվա սեպտեմբերի 27-29-ը Երևանում և Աղվերանում տեղի կունենա «Վերականգնողական
բժշկության ժամանակակից ասպեկտները» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը,
որի կազմակերպիչների շարքում են մասնավորապես ՀՀ առողջապահության և ԿԳ
նախարարությունները, Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական
ինստիտուտը
(Scientific-Research Institute of Spa
Treatment and Physical Medicine), ՌԴ բժշկատեխնիկական
գիտությունների ակադեմիան, Առողջապահության համաշխարհային կազմակերպության
եվրոպական տարածաշրջանային ներկայացուցչությունը, Առողջապահության ազգային
ինստիտուտը և այլն: Գիտաժողովին ներկայացվելիք հիմնական թեմաների շարքում են
մասնավորապես «Վերականգնողական բժշկության ռազմավարությունը», «Հասարակական
առողջության պահպանություն», «Վերականգնողական բժշկության ժամանակակից ուղիները և
էկոլոգիական բժշկություն», «Վերականգնողական բժշկության ավանդական և այլընտրանքային
ուղիները», «Վերականգնողական բժշկության ոլորտում նոր և ժամանակակից տեխնիկայի
ներդրումը», «Սնունդ, ճարպակալում և շարժողական ակտիվություն», «Բազմապրոֆիլ
վերականգնողական բժշկություն և «կյանքի որակ»», «Առողջարարական տուրիզմի զարգացման
մեթոդաբանությունը և սկզբունքները» խորագրերով և շատ այլ գիտական
հոդվածներ: Առողջապահության ոլորտի կարևոր և հետաքրքիր այս նյութերը ներկայացվելու
են մի շարք հայտնի ակադեմիկոսների, գիտնականների և պրոֆեսորների կողմից, որոնց մի
մասը Հայաստան է ժամանելու տարբեր երկրներից: Բոլոր հետաքրքրվողները հրավիրվում են
մասնակցելու՝ ներկայացնելով իրենց նյութերը: Նյութերի ընդունման վերջնաժամկետն այս
տարվա հուլիսի 17-ն է: Դրանք կարելի է ուղարկել
physmed@arminco.com,
spamed@netsys.am
էլեկտրոնային
հասցեներով կամ բերել Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական
ինստիտուտ (375028,
ՀՀ, Երևան,
Օրբելու 41 հասցեով), որտեղ և գտնվում է գիտաժողովի կազմակերպչական կենտրոնը:
Կուրորտաբանության և Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի
մասին մանրամասն
տեղեկատվություն կարող եք ստանալ
«(Scientific-Research
Institute of Spa Treatment and Physical Medicine)»
էլեկտրոնային հասցեով:
MEDIAINFORM 15.06.2007
Սուրբ
Աստվածամայր ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center)
վիրաբուժական բաժանմունքում լեղապարկի քարերի
հեռացումն արդեն, բացի դասական մեթոդներից, իրականացվում է նաև լապարասկոպիկ մեթոդով:
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի բուժգծով փոխտնօրեն Լևոն Գրիգորյանը
բացատրում է, որ սա, որպես այդպիսին, նոր եղանակ է, որի ժամանակ
որովայնի առաջնային պատի վրա որևէ կտրվածք չի արվում, պարզապես մարմնի
վրա բացված երեք փոքրիկ անցքերի միջով ապարատն անցկացվում է որովայնի
խոռոչ և արտաքին հսկողության ներքո բժշկական
միջամտություն: Վերջինիս շնորհիվ լեղապարկային քարերը մանրացվում են և
հեռացվում: Այս մեթոդը շատ արդյունավետ է ոչ միայն այն առումով, քանի
որ հետվիրահատական շրջանը շատ կարճ է տևում, ցավային սինդրոմները մեղմ
են լինում և հիվանդը 2-3 օր հետո արդեն կարողանում է ազատ տեղաշարժվել:
Միևնույն ժամանակ հիվանդը զերծ է մնում վիրահատության արդյունքում
առաջացող վիրահատական սպիներից: Լապարասկոպիկ մեթոդի արդյունքում
առաջացած անցքերը շատ արագ են վերականգնվում և դառնում գրեթե
անտեսանելի: Վիրահատական այս նոր մեթոդը կիրառվում է մեծ
արդյունավետությամբ:
«Սուրբ Աստվածամայր»
բուժկենտրոնի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ
«Surb
Astvatcamayr” Medical Center»
էլեկտրոնային հասցեով:
MEDIAINFORM 10.06.2007
Այս
դարաշրջանն անվանվում է նևրոզների դարաշրջան, քանի որ կյանքի այս
պայմաններում նյարդաբանական խնդիրների համար նախապայման հանդիսացող
գործոնները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան նախկինում.
նշում է Մալաթիա ԲԿ-ի
(Malatia Medical Center) նյարդաբանական բաժանմունքի վարիչ, բգթ Զոհրաբ
Գրիգորյանը:
Նյարդաբանական խնդիրների տարբեր պատճառների շարքում են
նաև ուրբանիզացիան՝ կյանքի կենտրոնացումը մեծ քաղաքներում, հոգեբանական
լարվածությունը՝ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, մարդկային
փոխհարաբերությունների բարդացումը և շատ ու շատ այլ գործոններ, և այս
ամենը ծանր բեռ է դառնում մարդու հոգեկանի վրա՝ հանգեցնելով նույնիսկ
ծայրահեղ նևրոտիկ վիճակների: Այս միտումն ընդհանուր է, և նևրոզների ու
սթրեսների տեսակարար կշիռն աճում է ողջ աշխարհում: Նյարդաբանական
խնդիրներից խուսափել թերևս հնարավոր չէ, սակայն արդեն իսկ առկա
խնդիրների լուծման համար պետք է առանձնացնել օբյեկտիվ և սուբյեկտիվ
մոտեցումներ: Նախևառաջ անհրաժեշտ է կյանքի սոցիալական պայմանների
բարելավում, ինչը, բնականաբար, մեկ անհատից չի կախված և վիճակը
միանգամից շտկել հնարավոր չէ: Սակայն ամեն անհատ ինքը պետք է
կարողանա ստեղծել իր հոգեբանական պաշտպանությունը: Իսկ դա
կարելի է անել նախևառաջ ինտելեկտի միջոցով, քանի որ այդպիսով մարդը
կարող է հոգեբանական անալիզի ենթարկել իր շրջապատն ու իր հետ միևնույն
միջավայրում գտնվող մարդկանց: Այդպիսի անալիզի միջոցով մարդը
կարողանում է ամեն մի սթրեսային իրավիճակում իր իսկ համար ստեղծել
ներքին մի հայեցակարգ, մի դիրքորոշում, որ էլ օգնում է հաղթահարել
տվյալ դժվարին իրավիճակը՝ թույլ չտալով, որ վերջինս խորը սպի թողնի իր
հոգեկան աշխարհի վրա: Մարդը պետք է կարողանա կանոնակարգել իր ռեակցիան
տարբեր, թեկուզ և անկանխատեսելի երևույթների հանդեպ, իսկ դրա համար նա
պետք է իմացական մեծ պաշար ունենա:
Այդուհանդերձ՝
նյարդաբանական խնդիրները չափազանց մեծ թիվ են կազմում բնակչության մոտ:
Դրանց մեջ գերակշռում են նյարդային համակարգի անոթային
հիվանդությունները, մասնավորապես ինֆարկտը և ինսուլտը, ապա
նաև ռադիկուլիտը, գլխացավերը և այլն: Առավել քիչ են
հանդիպում նեյրոինֆեկցիաները, ցնցումային նոպաները: Թվային
տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ամեն 100 000-ից 300-ի մոտ
դիտվում է սրտի կաթված, իսկ դա արդեն բավականին մեծ թիվ է: Պետք է մեծ
ուշադրություն դարձնել նաև ուղեղի ատրոֆիկ պրոցեսներին, (երբ
մարդու հիշողությունը թուլանում է և ինտելեկտը նվազում), որոնց
տեսակարար կշիռն այսօրվա դրությամբ ևս շատ մեծ է: Այդ պրոցեսների
առաջացումը հիմնականում կապում են մարդու բարձր տարիքի հետ: Իհարկե,
տարիքն ունի նշանակություն, սակայն շատ դեպքերում դրանք պայմանավորված
են լինում տարբեր հիվանդություններով, որոնց արդյունքում ուղեղի
բջիջներն այսպես կոչված «մաշվում են», փոխվում է մարդու մտածելակերպը,
ինտելեկտը կարծես ետ է զարգանում, վատանում է պրոֆեսիոնալ
գործողությունների կատարման մակարդակը, և մարդը կորցնում է սոցիալական
միջավայրին հարմարվելու ունականությունը, չնայած որ ֆիզիկապես դեռևս
գործունակ է լինում: Ուղեղի արտրոֆիկ պրոցեսների թիվը ևս աճման
միտում ունի ողջ աշխարհում, և պետք է կարևորել, որ առողջական այս
խնդիրները ժամանակին ախտորոշելու դեպքում կարելի է կասեցնել:
Նյարդաբանություն
ոլորտում, սակայն, ամենախնդրահարույց հարցը շարունակում են մնալ
գենետիկորեն փոխանցվող նյարդաբանական հիվանդությունները, որոնք
իրոք մեծ թիվ են կազմում նյարդաբանական հիվանդությունների ընդհանուր
թվի մեջ: Դրանցից ամենամեծ տարածվածությունն ունեն, օրինակ,
ցրված սկլերոզը, էպիլեպսիան, սպինալ ամիոտրոֆիաները, երբ
մարդու մոտ աստիճանաբար ոտքերի թուլություն է առաջանում և այլն:
Գեներով պայմանավորված հիվանդությունները վտանգավոր են նաև նրանով, որ
առաջանում են աստիճանաբար, դանդաղ ընթացքով, սակայն անկասելի կերպով
խորանում են՝ հանգեցնելով հաշմանդամային վիճակի: Այսօր ողջ աշխարհում
բժշկությունը մոբիլիզացված է այդ հիվանդությունների դեմ պայքարելու
համար: Ճիշտ է՝ արդեն իսկ կան որոշակի հաջողություններ, սակայն դրանք
դեռևս հեռու են հուսադրող լինելուց, և բոլոր դեպքերում ժառանգական
գործոնի հաղթահարումը բժշկության համար շարունակում է մնալ որպես
անհաղթահարելի խոչընդոտ:
Մալաթիա ԲԿ-ի
մասին մանրամասն
տեղեկատվություն կարող եք ստանալ Malatia
Medical Center
էլեկտրոնային հասցեով:
MEDIAINFORM
05.06.2007
Քանաքեռ-Զեյթուն
ԲԿ-ի
(Kanaker-Zeytun Medical Center)
պլաստիկ վիրաբուժության բաժանմունքում վերջին օրերին իրականացվել է
արտառոց վիրահատություն, որը, որպես այդպիսին, առաջին անգամ է կատարվում
Հայաստանում:
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Կարեն
Դանիելյանը մանրամասնում է, որ հիվանդանոց էր դիմել արտառոց գիրությամբ շուրջ
50 տարեկան մի կին, ում քաշը հասնում էր մինչև 160 կգ-ի: Կնոջ որովայնը
կախված էր մինչև ծնկները: Այս վիճակում նրա համար խիստ դժվար էր դարձել ամեն
տեսակի գործողություն կատարելը: Գերքաշի արդյունքում կինն ուներ առողջական
տարբեր խնդիրներ՝
սիրտ-անոթային անբավարարություն, պորտի շրջանի ճողվածք, ոտքերի երակների
լայնացում, վահանաձև գեղձի բորբոքում և այլն: Կնոջ չափազանց մեծ քաշի
արդյունքում նա շարունակ կռացած վիճակում էր գտնվում, ինչի հետևանքով
ողնաշարի ցավեր էր ունենում: Ուստի վիրահատության գնալը բավականին մեծ ռիսկեր
էր պահանջում:
Այդուհանդերձ՝ կատարվել է վիրահատություն, որը տևել է 3 ժամ, ինչը
ռեկորդային կարելի է համարել: Կատարվել է որովայնի առաջնային պատի
ձգում և հեռացվել է ոչ պակաս, քան 26 կգ ճարպ: Վիրահատությունն անցել է
հաջող, կինը ներկայումս գտնվում է հետվիրահատական շրջանում: Նա այժմ
կարողանում է ազատ քայլել, առողջական ոչ մի բարդություններ չունի:
Չափազանց թեթև և ազատ է դարձել նրա քայլվածքը:
Վիրաբույժը նշում է նաև, որ առաջիկայում նախատեսվում է վիրահատության
ենթարկել նաև կնոջ ազդրերը: Պետք է նշել, որ մինչ վիրահատությունը կինը մի
շարք բուժումներ է ստացել, որպեսզի միանգամից այդքան մեծ քանակությամբ ճարպի
հեռացումը բարդությունների չհանգեցնի:
 |
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում ծառայությունները բարձր մակարդակով իրականացնելու բոլոր
նախապայմաններն առկա են: |
Եվս մեկ անգամ հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանում նման
վիրահատություն կատարվում է առաջին անգամ: Կարեն Դանիելյանը բացատրում
է, որ դրա համար տվյալ ԲԿ-ում համապատասխան ծառայություններ են
անհրաժեշտ, և միայն տեխնիկական հագեցվածությունը չի կարող նախապայման
հանդիսանալ այդ տեսակի վիրահատություններ իրականացնելու համար: Իսկ այդ
ծառայությունները բարձր մակարդակով իրականացնելու բոլոր նախապայմաններն
առկա են Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում:
«Քանաքեռ-Զեյթուն»
բուժկենտրոնի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ
Kanaker-Zeytun Medical Center
էլեկտրոնային հասցեով:
MEDIAINFORM
16.05.2007
|