|
0
|
0
|
 |
MEDIAINFORM
NEWS AGENCY |
RUS |
|
|
Նորությունների արխիվ |
|
|
ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ |
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ |
ՄԵՐ
VIP
ՀՅՈՒՐԸ |
ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ |
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ |
|
|
|
1990-ից
սկսած գյուտերի ամենամեծ քանակն աշխարհի մակարդակով գրանցվում է Եվրոպական Միության
երկրներում: Այդ ցուցանիշը կազմում է ընդհանուրի 34,8%-ը:
Գյուտերի ամենամեծ քանակով հաջորդում է ԱՄՆ-ն՝ ընդհանուրի 33,9%-ով,
այնուհետև Ճապոնիան (18,3%) և Գերմանիան (11,8%): Առավել ցածր ցուցանիշերով
ցանկը շարունակում են Ֆրանսիան (4,2%), Մեծ Բրիտանիան (3,8%),
Նիդերլանդները (3,3%), Կորեան (3,5%), Շվեցարիան (2,4%) և Շվեդիան
(2,1%): Իտալիան, Կանադան, Ավստրալիան, Չինաստանը և Ֆինլանդիան
գրանցված գյուտերի քանակով գտնվում են գրեթե միևնույն հորիզոնականում՝ տատանվելով
1,5%-ի շուրջ:
Հետաքրքիր է նշել, որ 2005թ-ի տվյալներով՝ ողջ աշխարհում գյուտերի 60-65%-ը
գրանցվել է անգլերեն լեզվով, 10%-ը՝ ճապոներենով, շուրջ 10%-ը՝
գերմաներենով, 3%-ը՝ ֆրանսերենով, 2%-ը՝ կորեերենով, 1%-ը ռուսերենով
և այլն:
Գյուտերի ամենամեծ մասը բաժին է ընկնում բժշկական, ստոմատոլոգիական և
կոսմետիկայի արտադրության ոլորտներին, այնուհետև դիգիթալ էլեկտրական
տեխնիկայի ստեղծմանը:
«Հայաստանում 1992- 2006թթ. գյուտերի և օգտակար մոդելների հայտերի ընդհանուր
քանակը կազմել է 2 568: 2006թ. ՀՀ մտավոր սեփականության գործակալություն է
ներկայացվել 193 գյուտի և 21 օգտակար մոդելի հայտ, որոնցից 213-ը
ստացվել է ազգային հայտատուներից, 1-ը՝ օտարերկրյա»,-MEDIAINFORM-ին
ներկայացնում է ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի և
օգտակար մոդելների բաժնի պետ Անահիտ Խանազադյանը:
2006թ-ին Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT)
ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային
կազմակերպության Միջազգային բյուրո (Ժնև) առաքվել է 7 միջազգային հայտ:
Մինչ այժմ ՀՀ-ից PCT առաքված հայտերի ընդհանուր քանակը կազմում է 46:
2006թ. Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ՀՀ ազգային
հայտատուների կողմից ներկայացվել է գյուտերի 2 հայտ: Եվրասիական
արտոնագրային գերատեսչություն (Մոսկվա) առաքված հայտերի ընդհանուր քանակը
կազմում է 11:
2006թ. տրվել է գյուտի 213 և օգտակար մոդելի 27 արտոնագիր:
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում գյուտերը սկսել են գրանցվել 1993թ-ից,
քանի որ գործակալությունը սկսել է գործել 1992թ-ից: Մինչև 1997թ. տարեկան
գյուտերի և հայտերի թիվը միջին հաշվով կազմել է 300-400, ինչը բավականին մեծ թիվ է:
Դա պայմանավորված էր նրանով, որ սովետական կարգերի փլուզումից հետո շատ
գյուտերի գրանցումն անավարտ էր մնացել, ուստի դրանց հետազոտությունները
շարունակվեցին Հայաստանում և դրանց սկսեցին տրվել արդեն ազգային արտոնագրեր:
|
|
|
1993թ-ից Հայաստանը Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT)
անդամ է, և այդ ընթացակարգի համաձայն՝ Հայաստանում ընդունվում և գրանցվում են նաև
միջազգային հայտեր:
Նախկինում դրանց թիվը բավականին մեծ էր՝ ընդ որում
հիմնականում մեքենաշինության, դեղագործության և գյուղատնտեսական մեքենաների
ոլորտներից: Սակայն երբ 1997-ից Հայաստանը դարձավ Եվրասիական արտոնագրային
կոնվենցիայի լիիրավ անդամներից, (իսկ այդ կոնվենցիայի անդամների շարքում ընդգրկված
էին նախկին սովետական միության 9 հանրապետություններ), Հայաստանում ստացվող
միջազգային հայտերի թիվն էապես նվազեց, քանի որ գյուտերի փորձաքննությունը և
գրանցումն սկսեց իրականացվել արդեն Եվրասիական արտոնագրային գերատեսչությունում,
որը գտնվում է Մոսկվայում: Այդ իսկ պատճառով վերջին 2-3 տարվա ընթացքում ՀՀ
մտավոր սեփականության գործակալությունում ստացվել է ընդամենը 4-5, իսկ ողջ
2006-ի ընթացքում ընդամենը 1 միջազգային հայտ:
Ինչ վերաբերում է ազգային հայտատուներին, ապա նրանց թիվը վերջին 5-6 տարում
բավականին կայուն է՝ շուրջ 200 (տատանումները կարող են լինել շուրջ 20
գյուտի հաշվով): Գյուտերի հայտերը հիմնականում «ամեն ինչ մարդու համար»
բաժնում են (դրանք այն գյուտերն են, որոնք մարդու կյանքն առավել հարմարավետ են
դարձնում), այնուհետև մեքենաշինություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ,
բիոքիմիա, բժշկություն և այլ ոլորտներից: Կան իրենց բնույթով ավելի
բարդ նյութեր՝ կապված քիմիական գործընթացների հետ, սակայն դրանք շատ փոքր թիվ են
կազմում:
Գյուտերի պատկերն արտացոլում է մեր հանրապետության արդյունաբերության վիճակը,
և, որպես օրինաչափություն, այն ոլորտն է առավել զարգանում, որում ավելի մեծ թվով
գյուտեր են գրանցվում: Օրինակ՝ անցյալ տարվա կտրվածքով կտրուկ աճել է գյուտերի թիվը
մետալուրգիայի ոլորտում, որոնք հիմնականում Քաջարանի մոլիբդենային կոմբինատի
արտադրանքի մշակման, կորզման եղանակներին են վերաբերում: Իսկ օրինակ երկրաշարժից
հետո մի քանի տարի շարունակ գյուտերը հիմնականում վերաբերում էին
սեյսմակայուն շինարարությանը և երկրաշարժերի կանխորոշման եղանակներին:
Անլույս տարիներին կտրուկ շատացել էին էլեկտրաէներգիայի այլընտրանքային
աղբյուրների հայտնաբերմանը վերաբերող գյուտերը: Ներկայումս շատ են ստաբիլ
գյուտերը՝ ասենք՝ ինքնահրկիզվող ծխախոտեր, որպեսզի վարորդի ուշադրությունը չշեղվի,
ինքնատաքացվող սուրճ եփելու տարա և այլն:
Հայաստանում վերջին ժամանակահատվածում շատ է մեծացել հետաքրքրությունը
տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հանդեպ, մանավանդ որ վերջին 2
տարիներին Հայաստանում սկսել են տարբեր ապահովագրական ծառայություններ գործել և
արտոնագրեր տալ: Կան նաև էլեկտրոնային առևտրի հետ կապված գյուտեր, որոնց թիվն աճման
միտում ունի, քանի որ հանրապետությունում վերջերս ուժի մեջ է մտել էլեկտրոնային
ստորագրության և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը:
Այդուհանդերձ,
պետք է նշել, որ Հայաստանում գիտության պատկերը շատ տխուր է, քանի որ մեր գյուտերի
հիմնական մասը լուրջ գիտական բնույթի չեն: Դրանք գերակշիռ մասով ինովացիոն
կատարելագործումներ են: Գյուտերի շուկայականացման առումով Հայաստանում պատկերն
ավելի տխուր է, քանի որ գյուտերի միայն 10%-ն է շուկայում գտնում իր տեղը,
ինչը շատ փոքր տոկոս է: Իսկ դրա հիմնական պատճառն այն է, որ մեզանում փոքր և միջին
բիզնեսի ենթակառուցվածքը զարգացած չէ, այնինչ գյուտերը գերակշիռ մասով պետք է հենց
այդ ոլորտներում ներդրվեն և առօրյա կիրառություն ստանան, որպեսզի գյուտարարն էլ իր
հերթին շահույթ ունենա:
Հայ գյուտարարների համար գյուտի գրանցումը և արտոնագրի ստացումը շատ դեպքերում
նույնիսկ գլխացավանք է դառնում՝ կապված հարկերի և տարեկան տուրքերի հետ: Չնայած
գյուտերի արտոնագրերը 10 տարվա գործողության ժամկետով են տրվում, սակայն
դրանք հիմնականում 2 տարվա կյանք են ունենում, քանի որ գյուտարարները չեն
կարողանում վճարել տարեկան հարկերը, այն էլ երբ վերջիններս դեռ մեծ զեղչերով են
սահմանված: Արդյունքում էլ արտոնագրատերը կորցնում է իր գյուտի վրա տարածվող
բացառիկ հեղինակային իրավունքը, և գյուտը սկսում է համարվել հանրային
սեփականություն: Օրինակի համար պետք է նշել, որ ԱՄՆ-ում գյուտերի 90%-ը
ներդրվում է փոքր և միջին ձեռնարկություններում: Իսկ Հայաստանում բացակայում է
գիտնականների և տարբեր գործարար կազմակերպությունների միջև երկխոսությունը:
Չնայած
հայաստանյան գիտության ոլորտի այս պատկերին, հարկ ենք համարում նշել, որ, համաձայն
«Արդյունաբերական սեփականություն» գործակալության պաշտոնական տեղեկագրերի
տվյալների՝ Հայաստանը յուրաքանչյուր 10 000 բնակչին ընկնող տարեկան
արտոնագրված գյուտերի քանակով (2,5) գերազանցում է Իռլանդիային (1,7),
Նոր Զելանդիային (1,7), Հոնկոնգին (1,5), Իսպանիային (0,4), Իտալիային (2,1), և
զիջում է «մեծ յոթնյակ»-ի մնացած 6 երկրներին, Իսրայելին (10,2),
Ֆինլանդիային (4,5), Թայվանին (2,8), Հարավային Կորեային (4,4) և այլն:
MEDIAINFORM
10.06.2007
|
|
|
|