|
Մեր
իրականության մեջ երեխաների մոտ չափազանց հաճախ են ի հայտ գալիս հոգեբանական
խնդիրներ, որոնք գերակշիռ մասով կապված են վախերի և տագնապների հետ:
Ընդ որում՝ աղջիկ երեխաների մոտ, հիմնականում դեռահասության շրջանում,
առավել մեծ է հոգեբանական խնդիրների ի հայտ գալու հավանականությունը:
Եթե տղաների մոտ այս շրջանը կարող է ուղեկցվել, ասենք, վարքային
խանգարումներով, ապա աղջիկներն այս շրջանում դառնում են առավել լռակյաց
և ինքնամփոփ: Նրանք ավելի ճնշված են լինում, որովհետև ավելի շատ են
ենթարկվում մեզանում ընդունված բարոյական նորմերին և «չի
կարելի»-ներին. նշում է «ՍԲ Աստվածամայր» ԲԿ-ի
(“Surb Astvatcamayr” Medical Center)
հոգեբան Հասմիկ
Մելիքյանը:
 |
Նույնիսկ մեր մանկավարժներն են կաղում հոգեբանությունից::
|
Իսկ նախադպրոցական տարիքի երեխաների մոտ հոգեբանական
խնդիրների հիմնական աղբյուրը հանդիսանում են իրենց հատկացված
ուշադրության պակասը և գերակտիվության սինդրոմը, երբ երեխաները չեն
կարողանում հանգիստ նստել, անուշադիր են, հիշողությունը թույլ է և
այլն: Պետք է իմանալ, որ եթե մինչև 9-10 տարեկան երեխան չի սպառում իր
ֆիզիկական ակտիվությունը, հետագայում նրա մոտ կարող են առաջանալ
գերշարժունության խնդիրներ:
Մեր
իրականություն մեջ երեխայի հոգեբանական խնդիրների գերակշիռ մասով
կապված են վախերի և տագնապների հետ՝ հիմնականում կապված
բաժանման հետ. բաժանում ծնողներից, սիրելի մարդկանցից և այլն:
Հաճախակի են դարձել ներշնչված վախերը, երբ երեխային փորձում են
սաստել՝ վախեցնելով տարբեր ձևերով: Որպես արդյունք՝ հնարովի
պատճառներից առաջացած վախերը երեխայի համար դառնում են իրական
աշխարհըմբռնում:
Պետք է առանձնացնել, որ մարդը կարող է լինել տագնապային և տագնապով:
Տագնապային անձն այդպիսին է ի ծնե, նա տագնապը ձեռք է բերում իր մորից
կամ ստանում գենետիկորեն: Կա նաև, այսպես կոչված, բազային տագնապ, որը
մարդն ստանում է ծնվելու պահին, ինչը ամրագրվում է նրա ենթագիտակցական
աշխահում: Բնածին տագնապներն շատ ավելի դժվար են վերացվում և բուժվում,
քան կյանքի ընթացքում տարբեր հանգամանքների բերումով առաջացած
տագնապները: Երեխայի հոգեբանության վրա ուղղակիորեն ազդում են նաև
սոցիալական խնդիրները: Իսկ երբ երեխայի մոտ
նյարդային լարվածությունը խրոնիկ ընթացք է ստանում, ապա նա, որպես
արդյունք, ընկնում է դեպրեսիայի մեջ, պարփակվում ինքն իր մեջ, լուրջ
խնդիրներ է ունենում միջմարդկային փոխհարաբերություններում և այլն:
Ընդ որում՝ հոգեբանական խնդիրներն աստիճանաբար կարող են ստանալ նաև
սոմատիկ դրսևորումներ՝ ախորժակի անկում, փորկապություն, ցավեր
որովայնում, երբեմն գլխացավեր և այլն: Նման դեպքերում ծնողները տարբեր
միջոցների են դիմում՝ արյան անալիզ են հանձնում և այլն, սակայն չեն
կարողանում պարզել՝ ինչումն է հիմնական խնդիրը: Նման դեպքերում
անհրաժեշտ է հոգեբանական մոտեցում ոչ միայն երեխայի, այլև ծնողների
նկատմամբ, որպեսզի վերջիններս իրենք էլ կարողանան հաշվի նստել երեխայի
ցանկությունների հետ, իմանան՝ ինչ չափով պահանջներ ներկայացնեն նրան,
որպեսզի դրանք չլինեն երեխայի ուժերից վեր և այլն: Սակայն
մեզանում դեռևս ձևավորված չէ ճիշտ մոտեցումը հոգեբանը նկատմամբ:
Այսօր ծնողները, ինչու չէ, նաև բժիշկները սովոր են, որ բժշկական
միջամտությունն անպայման լինի կտրելով, սրսկելով, իսկ խոսքը
մեզանում դեռևս չի համարվում որպես բժշկական միջամտության ձև:
Ճիշտ է, յուրաքանչյուր ծնող էլ ցանկանում է ճիշտ դաստիարակել երեխային
և լինել հոգեբան, սակայն այսօր մեզանում այդ մոտեցումները գրեթե ոչ մի
տեղ չեն սովորեցվում: Նույնիսկ մեր մանկավարժներն են կաղում
հոգեբանությունից: Ուստի ամեն մարդ նախևառաջ ինքը պետք է կարողանա
պայքարել սթրեսների և նևրոզների դեմ: Դրա համար պետք է կարողանալ
տիրապետել իրավիճակին, ինչի համար շատ կարևոր է ընտանեկան
դաստիարակությունը, դպրոցի և ցանկացած ուսումնական հաստատության դերը:
Երեխայի մեջ դեռ վաղ տարիքից պետք է ձևավորված լինի դիմակայելու և
սոցիալական միջավայրին հարմարվելու ունակությունը: Այս պարագայում
կարևորվում է նաև մարդու անհատականությունը և խառնվածքը:

Երեխային սթրեսներից զերծ պահելու համար պետք է նրա համար
ստեղծել առողջ կենսակերպ վարելու պայմաններ, ինչը ներառում է
ճիշտ քունը, ճիշտ սնունդը, երեխան չպետք է նայի գիշերային
սարսափ-ֆիլմեր, 15 րոպեից ավելի չպետք է նստի համակարգչի առջև: Այնինչ
կոմպյուտերներն այսօր փոխարինում են երեխայի արտաքին աշխարհին, կտրում
նրան իրականությունից: Համակարգչային խաղերը կախվածություն են դառնում
երեխայի համար: Դրա փոխարեն հարկ է երեխայի մեջ դաստիարակել
գեղագիտական ճաշակ: Երեխայի միտքը պետք է զբաղված լինի բազմազան
գործունեությամբ, սակայն ոչ այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որ երեխան
ֆիզիկապես ի վիճակի չլինի հաղթահարել դրանք: Ամեն դեպքում՝ հոգեբանական
խնդիրներին լուծում տալու համար պետք է նախ ճշտել դրանց աղբյուրը:
MEDIAINFORM 15.06.2007
Այս
դարաշրջանն անվանվում է նևրոզների դարաշրջան, քանի որ կյանքի այս
պայմաններում նյարդաբանական խնդիրների համար նախապայման հանդիսացող
գործոնները շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան նախկինում.
նշում է Մալաթիա ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքի վարիչ, բգթ Զոհրաբ
Գրիգորյանը: Նյարդաբանական խնդիրների տարբեր պատճառների շարքում են
նաև ուրբանիզացիան՝ կյանքի կենտրոնացումը մեծ քաղաքներում, հոգեբանական
լարվածությունը՝ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, մարդկային
փոխհարաբերությունների բարդացումը և շատ ու շատ այլ գործոններ, և այս
ամենը ծանր բեռ է դառնում մարդու հոգեկանի վրա՝ հանգեցնելով նույնիսկ
ծայրահեղ նևրոտիկ վիճակների: Այս միտումն ընդհանուր է, և նևրոզների ու
սթրեսների տեսակարար կշիռն աճում է ողջ աշխարհում: Նյարդաբանական
խնդիրներից խուսափել թերևս հնարավոր չէ, սակայն արդեն իսկ առկա
խնդիրների լուծման համար պետք է առանձնացնել օբյեկտիվ և սուբյեկտիվ
մոտեցումներ: Նախևառաջ անհրաժեշտ է կյանքի սոցիալական պայմանների
բարելավում, ինչը, բնականաբար, մեկ անհատից չի կախված և վիճակը
միանգամից շտկել հնարավոր չէ: Սակայն ամեն անհատ ինքը պետք է
կարողանա ստեղծել իր հոգեբանական պաշտպանությունը: Իսկ դա
կարելի է անել նախևառաջ ինտելեկտի միջոցով, քանի որ այդպիսով մարդը
կարող է հոգեբանական անալիզի ենթարկել իր շրջապատն ու իր հետ միևնույն
միջավայրում գտնվող մարդկանց: Այդպիսի անալիզի միջոցով մարդը
կարողանում է ամեն մի սթրեսային իրավիճակում իր իսկ համար ստեղծել
ներքին մի հայեցակարգ, մի դիրքորոշում, որ էլ օգնում է հաղթահարել
տվյալ դժվարին իրավիճակը՝ թույլ չտալով, որ վերջինս խորը սպի թողնի իր
հոգեկան աշխարհի վրա: Մարդը պետք է կարողանա կանոնակարգել իր ռեակցիան
տարբեր, թեկուզ և անկանխատեսելի երևույթների հանդեպ, իսկ դրա համար նա
պետք է իմացական մեծ պաշար ունենա:
Այդուհանդերձ՝
նյարդաբանական խնդիրները չափազանց մեծ թիվ են կազմում բնակչության մոտ:
Դրանց մեջ գերակշռում են նյարդային համակարգի անոթային
հիվանդությունները, մասնավորապես ինֆարկտը և ինսուլտը, ապա
նաև ռադիկուլիտը, գլխացավերը և այլն: Առավել քիչ են
հանդիպում նեյրոինֆեկցիաները, ցնցումային նոպաները: Թվային
տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում ամեն 100 000-ից 300-ի մոտ
դիտվում է սրտի կաթված, իսկ դա արդեն բավականին մեծ թիվ է: Պետք է մեծ
ուշադրություն դարձնել նաև ուղեղի ատրոֆիկ պրոցեսներին, (երբ
մարդու հիշողությունը թուլանում է և ինտելեկտը նվազում), որոնց
տեսակարար կշիռն այսօրվա դրությամբ ևս շատ մեծ է: Այդ պրոցեսների
առաջացումը հիմնականում կապում են մարդու բարձր տարիքի հետ: Իհարկե,
տարիքն ունի նշանակություն, սակայն շատ դեպքերում դրանք պայմանավորված
են լինում տարբեր հիվանդություններով, որոնց արդյունքում ուղեղի
բջիջներն այսպես կոչված «մաշվում են», փոխվում է մարդու մտածելակերպը,
ինտելեկտը կարծես ետ է զարգանում, վատանում է պրոֆեսիոնալ
գործողությունների կատարման մակարդակը, և մարդը կորցնում է սոցիալական
միջավայրին հարմարվելու ունականությունը, չնայած որ ֆիզիկապես դեռևս
գործունակ է լինում: Ուղեղի արտրոֆիկ պրոցեսների թիվը ևս աճման
միտում ունի ողջ աշխարհում, և պետք է կարևորել, որ առողջական այս
խնդիրները ժամանակին ախտորոշելու դեպքում կարելի է կասեցնել:
Նյարդաբանություն
ոլորտում, սակայն, ամենախնդրահարույց հարցը շարունակում են մնալ
գենետիկորեն փոխանցվող նյարդաբանական հիվանդությունները, որոնք
իրոք մեծ թիվ են կազմում նյարդաբանական հիվանդությունների ընդհանուր
թվի մեջ: Դրանցից ամենամեծ տարածվածությունն ունեն, օրինակ,
ցրված սկլերոզը, էպիլեպսիան, սպինալ ամիոտրոֆիաները, երբ
մարդու մոտ աստիճանաբար ոտքերի թուլություն է առաջանում և այլն:
Գեներով պայմանավորված հիվանդությունները վտանգավոր են նաև նրանով, որ
առաջանում են աստիճանաբար, դանդաղ ընթացքով, սակայն անկասելի կերպով
խորանում են՝ հանգեցնելով հաշմանդամային վիճակի: Այսօր ողջ աշխարհում
բժշկությունը մոբիլիզացված է այդ հիվանդությունների դեմ պայքարելու
համար: Ճիշտ է՝ արդեն իսկ կան որոշակի հաջողություններ, սակայն դրանք
դեռևս հեռու են հուսադրող լինելուց, և բոլոր դեպքերում ժառանգական
գործոնի հաղթահարումը բժշկության համար շարունակում է մնալ որպես
անհաղթահարելի խոչընդոտ:
MEDIAINFORM
05.06.2007
Առողջապահության
համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարդու առողջությունը
պայմանավորված է 4 հիմնական գործոններով՝
ժառանգականություն (10%), շրջակա միջավայր (20%), տվյալ երկրի
առողջապահական համակարգի հասանելիություն և զարգացածություն (20%),
սակայն ամենամեծ դերը խաղում է կենսակերպը (50%):
Իսկ հայաստանյան կենսակերպը, պարզվում է, իր բազմապիսի
խնդիրներով հանդերձ, ունի նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր կողմ: Այն, որ
մեր ազգային մտածելակերպը և ավանդական ու քարացած կարծրատիպերը կարող
են իրենց հերթին հանգեցնել հոգեբանական խնդիրների: Մասնավորապես պետք է
նշել, որ Սի.Օ.Էյ.Էֆ. Հայաստանի մանուկներ հիմնադրամի
կողմից Արմավիրի մարզում 100 երեխայի հաշվարկով կատարված
ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրանցից 36-ն ունեն
ներանձնային խնդիրներ, 17-ը՝ հուզակամային, 13-ը՝ վարքային և 37-ը՝
միջանձնային փոխհարաբերություններում: Ընդ
որում՝ այդ հոգեբանական խնդիրներն առավել վառ են արտահայտված
միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, ինչպես նաև ամուսնալուծված
ծնողների երեխաների մոտ: Վերջիններս, հենց այդ գործոններով
պայմանավորված, առավել հաճախ են ցուցաբերում հակասոցիալական և ագրեսիվ
վարք: Նման վարքի դրսևորման պատճառ կարող են հանդիսանալ նաև
սոցիալ-տնտեսական անբարեկեցիկ պայմանները: Հոգեբանական լարված վիճակը,
բնականաբար, իր հերթին բացասաբար է անդրադառնում նաև երեխաների ուսման
որակի վրա, նույնիսկ շատերն ընդհանրապես դադարում են դպրոց հաճախելուց
կամ էլ չափազանց շատ են բացակայում: Նույն ավանդական հիմքերից ելնելով՝
մեզանում, որպես դաստիարակության «հարգի» միջոց, ցավոք, շարունակում է
մնալ ծեծը, ասել է, թե բռնությունը և երեխաների իրավունքների
ոտնահարումը:
Խոսելով
այս խնդրի մասին՝ Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի
ներկայացուցիչ Շելդոն Յեթը
MEDIAINFORM-ին
տված հարցազրույցում նշում է, որ թեկուզ և դժվար է ընդհանրացնել
աշխարհի տարբեր երկրների երեխաների խնդիրները, սակայն կարելի է ասել,
որ Հայաստանում, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում, կան երեխաների
իրավունքների ոտնահարումներ, և դա հատկապես բնորոշ է խոցելի և
սոցիալապես անապահով ընտանիքներին: Սակայն սոցիալապես ապահով
ընտանիքներում էլ այդ խնդիրները չեն բացակայում:
Այդուհանդերձ, չի կարելի ժխտել, որ իրականում Հայաստանում կան մարդու
իրավունքները պաշտպանելուն կոչված օրենքները և թե՛ ազգային, թե՛
մարզային և թե՛ ավելի ցածր օղակների մակարդակով կա ցանկություն՝
փոխելու ներկա իրավիճակը և կիրառելու օրենքները: Այդ մասին են վկայում
Հայաստանում ներկայումս իրականացվող բազմապիսի ծրագրերը և
միջոցառումները:
Աշխարհում ամեն տեղ էլ կա երեխաների հարկադիր աշխատանքի խնդիրը:
Չնայած Հայաստանի մասին այդ տվյալները ստույգ չեն, սակայն կարելի է
ասել, որ այստեղ հարկադիր աշխատանքները հիմնականում գյուղատնտեսական
ուղղվածություն ունեն: Եվ գնահատելի է, որ Հայաստանը ներկայումս
անդամակցում է Աշխատանքի համաշխարհային կազմակերպության
կոնվենցիային, որը վերաբերում է աշխատանքի վատթարագույն ձևերում
երեխաների ներգրավման վերացմանը: Դա նշանակում է, որ ՀՀ-ն այսօր
պարտավորություն է ստանձնել՝ երեխաների հարկադիր աշխատանքի խնդրին
ավելի լուրջ անդրադառնալու և լուծումներ տալու:
Ինչ վերաբերում է երեխաների ներքին հոգեբանական խնդիրներին,
որոնց հիմնական պատճառներից են հանդիսանում ավանդական մտածելակերպը և
քարացած պատկերացումները, ապա կարելի է ասել, որ ավանդական խնդիրներն
առկա են բոլոր երկրներում, բոլոր հասարակություններում և երբևէ չի
կարելի ակնկալել, որ այդ ամենը հնարավոր է մեկ գիշերում փոխել և
բարելավել իրավիճակը, սակայն անվիճելի է, որ ժամանակը կանի
իրենը,
մանավանդ որ Հայաստանում արդեն եվրոպականացման, ազատականացման ու
զարգացման միտումները կան: Առաջին հերթին նկատելի է նաև հասարակության
իրազեկության աստիճանի բարձրացումը: Մարդիկ արդեն ավելի լուրջ և
սրտացավ մոտեցում են սկսել ցուցաբերել իրենց երեխաներին և վերջիններիս
խնդիրներին և ավելի զգայունակ են նման խնդիրների առաջացման հարցերի
վերաբերյալ: Սակայն այս հասարակությունը դեռևս կարիք ունի կայացած
սոցիալական ինստիտուտների, և որքան էլ տարբեր միջազգային
կազմակերպությունների կողմից ներդրումներ արվեն և ծրագրեր իրականացվեն,
դրանք արդյունք չեն ունենա, եթե Հայաստանի բնակչության մոտ չփոխվեն
պատկերացումները և հոգեկերտվածքը, մինչև մարդիկ իրենք չգիտակցեն,
ինչում է կայանում իրենց խնդիրը և որ հենց իրենք պետք է այդ խնդիրների
լուծումները գտնեն: Այս մարդիկ դեռ պետք է սովորեն հոգեբաններին
տարբերել հոգեբույժներից:
MEDIAINFORM 02.06.2007 |