0

0
Գիտություն
Կրթություն
Սոցիալական խնդիրներ
Մանկատներ

Հաշմանդամների
հիմնահարցեր

Բնապահպանական խնդիրներ

Արգելոցներ, արգելավայրեր, ազգային պարկեր

Առողջապահություն

Նորություններ բուժկենտրոններից

Տնտեսական հարցեր
Գյուղատնտեսություն

Հայաստանը թվերով.
վիճակագրություն

Զբոսաշրջություն
Հոգեբանական
խնդիրներ
Տոներ,
միջազգային օրեր
Երևանյան լուրեր

Երևանյան պատկերներ
Երիտասարդություն
Մշակույթ
выставки и конференции:

PR-технологии
реклама в журналах

DRAGO BARZINI

Приглашаем Вас принять участие в работе  III Международной конференции
СОВРЕМЕННЫЕ АСПЕКТЫ РЕАБИЛИТАЦИИ В МЕДИЦИНЕ

Armenian country
office
news

0

MEDIAINFORM   NEWS AGENCY

RUS

 

Նորությունների արխիվ

08.11.2007

ՀԱՏՈՒԿ
ՌԵՊՈՐՏԱԺ
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՄԵՐ  VIP 
 ՀՅՈՒՐԸ
ԲԱՑԱՏՐՈւՄ Է
ՄԱՍՆԱԳԵՏԸ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հոլ, չլիկ դաստա, «7» քար, աքլորակռիվ: Հայկական ավանդական խաղերի ցանկը շատ է և այն կարելի անընդհատ շարունակել: Սակայն ժառանգաբար փոխանցված այդ խաղերը պահպանել և փոխանցել սերնդե սերունդ առավել քան դժվար է: Վերոհիշյալ խնդրին էլ հենց վերաբերում է «Ավանդական բանավոր ժառանգություն, ոչ նյութական մշակույթ. գիտելիք և խորհրդանիշ, հավատալիք և սովորույթ» խորագիրը կրող Միջազգային երրորդ գիտագործնական կոնֆերանսը: Կոնֆերանսն անց է կացվում Երևանում՝ 2007թ. հոկտեմբերի 23-24-ը՝ ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո: Միջազգային երրորդ գիտագործնական  կոնֆերանսի նպատակը ոչ նյութական ժառանգության պահպանումն է, սակայն ինչպես նշում են ոլորտի պատասխանատուները կոնֆերանսի հիմնական նպատակը մնում է ոչ նյութական մշակույթ օրենքի նախագծի քննարկումը: Ընդ որում, օրենքի ընդունման դեպքում մեր հանրապետությունը ԱՊՀ տարածաշրջանում կլինի առաջինը:
Նշենք նաև, որ կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ «Վերադարձ արմատներին» ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ստեղծվել է «Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնի», մի խումբ մտավորականների և «ԲՏԱ-ինվեստ» բանկի համատեղ ջանքերով: Ինչպես նշում է հիշյալ կենտրոնի հիմնադիր խորհրդի անդամ Ռուբեն Դանիելյանը, 30 րոպե տևողությամբ ֆիլմը կրում է դաստիարակչական-մանկավարժական նշանակություն:
Ի դեպ, Միջազգային երրորդ գիտագործնական  կոնֆերանսին մասնակցում են նաև Բելոռուսից, Վրաստանից ժամանած հյուրեր:
Նշենք, որ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության ժողովրդական ստեղծագործության բաժնի պետ Մարինա Տակտակիշվիլին, որն ի դեպ, սույն կոնֆերանսին հանդես է գալու «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հիմնական ուղղությունները» վերնագիրը կրող զեկույցով, համոզված է, որ նմանատիպ կոնֆերանսները, ինչպես նաև ֆիլմերը հնարավորություն են տալիս ծանոթանալ տարբեր ժողովուրդների ավանդույթներին:
-Չնայած նրան, որ ֆիլմը նկարահանված էր հայերեն լեզվով, բայց և այնքան պատկերավոր էր, որ մեծ տպավորություն թողեց դրսից ժամանած հյուրերին:

 

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է:Միջազգային տոների շարքում այս տոնն ամենահներից մեկն է: Այս տոնի անցկացման որոշումն ընդունել է Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան 1949թ նոյեմբերին:
Երեխաների պաշտպանության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1950թ: Այդ ժամանակից ի վեր ՄԱԿ-ն աջակցել է այդ նախաձեռնությունը և երեխաների կյանքի, իրավունքների և առողջության պաշտպանությունը ճանաչում որպես իրենց գործունեության գլխավոր ուղղություններից մեկը:
Հայաստանում հունիսի 1-ը նշվում է մեծ շուքով, զուգակցվում բազմապիսի միջոցառումներով և հանդիսություններով:
MEDIAINFORM 01.06.2007


Այսօր ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է:
Այս օրը նշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները: Այսօր այս օրվա շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում ՀՀ աօռողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում- քննարկում: Հակածխախոտային գործունեություն ծավալելու համար միջոցառման ժամանակ  մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանն արժանացան պատվոգրերի:

Հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնվեց, որ ծխախոտը մահացության երկրորդ հիմնական պատճառն է աշխարհում: Այն ամեն տարի ավելի շատ մարդ է սպանում, քան պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները, ՁԻԱՀ-ը կամ թմրանյութերը միասին վերցված: Ներկա դրությամբ կանոնավոր ծխողները՝ շուրջ 650 մլն մարդ, գտնվում են կյանքին սպառնացող վտանգի տակ: Չափազանց անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ հարյուր հազարավոր մարդկանց առողջությունը վտանգված է այն հիվանդություններից, որոնք առաջանում են ծխախոտի երկրորդական ծխից: Վերջինս պատճառ է դառնւոմ քաղցկեղի, շնչառական և սրտամկանային հիվանդությունների թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների մոտ՝ հանգեցնելով վաղաժամ մահվան:

Այսօր մեզանում էլ կա բոլոր փակ հասարակական վայրերն ու աշխատատեղերը դարձնել բացարձակապես ծխախոտազուրկ, ինչն այսօր այնքան էլ մոտ չէ իրականությանը: Այդուհանդերձ՝ մնում է միայն հույս հայտնել, որ Հայաստանում ծխողների թիվը կդադարի «ծաղկում» ապրելուց:
MEDIAINFORM 31.05.2007

 

Մայիսի 28-ը մեզանում պետականորեն նշվում է որպես Առաջին Հանրապետության կամ, այսպես կոչված, ինքնիշխանության վերականգնման օր:  1918 թվականի մայիսի 28-ին 600 տարվա ընդմիջումից հետո ծնվեց հայկական առաջին պետությունը: Ուրախալի թվացող այս փաստը, սակայն, այն ժամանակ ժողովրդի  մեջ մեծ ոգևորություն չառաջացրեց: Ցեղասպանություն տեսած հայություն, Երևանի շուրջ ծվարած տասնյակ հազարավոր գաղթականներ, տարածաշրջանից  հեռացող ռուսական զորք և դեպի Հայաստանի խորքը ձգտող թուրքական բանակ: Ստեղծված ռազմաքաղաքական այս բարդ պայմաններում թվում էր, թե հնարավոր չէր դիմակայել աշխարհի հզորների խաղերին, և Հայաստանի ճակատագիրը որոշված է: Սակայն հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ դիմագրավելու և ջախջախելու թուրքական կանոնավոր բանակին:
 

1918 թվականի մայիսի 28-ին 600 տարվա ընդմիջումից հետո ծնվեց հայկական առաջին պետությունը:

1918թ. մայիսի 28-ին  Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի`Հայաստանի կազմի մեջ էին մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի՝ ստեղծվում էր 11 հազ. քմ տարածքի վրա:
 
1918-ի աշնանը Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությամբ ավարտվեց  Առաջին համաշխարհային պատերազմը: Թուրքիան ստիպված էր իր զորքերը դուրս բերել գրաված տարածքներից: 1919-ին հայկական զորքերը մտան Կարս, ազատագրվեց նաև Սարիղամիշը, մայիսին Հայաստանին միացավ նաև Նախիջևանը: Այսպիսով՝ վերականգնվեց 1914թ. ռուս-թուրքական սահմանը: 1919-ի հունիսին անկախ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական առաջին ընտրությունները: Նորընտիր խորհրդարանն օգոստոսի 7-ին նոր կառավարության ձևավորումը վստահեց Ալեքսանդր Խատիսյանին: 1920-ի հունվարին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Իտալիան ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Նույն թվականի  ապրիլին Հայաստանի անկախությունը ճանաչեց ԱՄՆ-ը: 1920թ. Հայաստանը կազմակերպված պետություն դառնալու փորձեր էր կատարում, երկիրը բաժանված էր 4 նահանգների, գավառներում կազմակերպված էին ինքնավարություններ: Երկրում արդեն տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրությունները, կազմված էր կառավարություն: Գործածության մեջ էր դրված հայկական դրամը, հիմնված էր պետական դրամատունը, կային գավառական գանձարաններ: Խորհրդարանի կողմից ընդունվում է անվճար, պարտադիր կրթության մասին սկզբունքը, բացվում է պետական համալսարանը:
MEDIAINFORM 28.05.2007


Զատիկից քառասուն օր հետո նշվում է Համբարձման կամ, ինչպես շատ տեղերում կոչում են Վիճակի կամ Կաթնապրի տոնը:
Ըստ ավանդույթի՝ Սուրբ Հարությունից կամ Զատկից հետո Քրիստոսը քառասուն օր շրջել է երկրի վրա և քառասուներորդ օրը համբարձվել երկինք: Պայմանավորված լինելով Զատկի տոնով՝ Համբարձումը շարժական տոն է և ամեն տարի տարբեր օրերի է նշվում: Սակայն այն միշտ ընկնում է հինգշաբթի օրը, իսկ տոնական հանդիսությունները սկսվում են չորեքշաբթի: Չորեքշաբթի օրը կանայք «ծաղկամոր կիրակի» են պահում, խուսափում որոշ աշխատանքներից՝ ի պատիվ «ծաղկամոր», որպեսզի նա իրենց երեխաներին զերծ պահի «ծաղիկ» և «կարմրուկ» հիվանդություններից:

Զատիկից քառասուն օր հետո նշվում է Համբարձման տոնը, որի կարևորագույն ծեսը՝ վիճակահանությունն էր:


Համբարձման տոնի ընթացքում հանդիսությունների հերթականությունը խստորեն կանոնակարգված և փուլերի է բաժանված: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսում էր հիմնական ծեսի՝ վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր «Վիճակ»: Աղջիկների նախապես ընտրված խմբերը՝ յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Չնայած «ծաղիկ հավաքելու» անվանը՝ նրանք ծաղիկներից բացի մի սափորի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծառից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Համբարձման երգերում հաճախ  հիշատակվում էին այն յոթ աղբյուրները, որտեղից աղջիկները ջուր էին վերցնում, այն ծաղիկները, որ քաղում էին: Ընդհանրապես՝ աղջիկները դուրս էին գալիս բոլորից գաղտնի, աքլորականչից առաջ, և մինչև իրենց առաքելությունը չկատարեին՝ անխոս ու լուռ էին մնում: Խուսափում էին հատկապես տղամարդկանց հանդիպելուց, որոշ տեղերում տղամարդու հանդիպելիս նույնիսկ թափում էին սափորի պարունակությունը և լուռ վերսկսում իրենց աշխատանքը: Սակայն կային այս կանոնից շեղումներ: Օրինակ՝ Շիրակում ծաղկահավաքը կատարվում էր օրը ցերեկով, ողջ համայնքի, գյուղի ուղեկցությամբ, զուռնա-դհոլի նվագի տակ: Սափորի մեջ լցվող ծաղիկներից զատ՝ բազմաթիվ ծաղիկներ էին քաղում՝ զարդարելու և Համբարձման ծաղկեփնջեր պատրաստելու համար: Հենց որ ավարտվում էր ծիսական սափորի համար անհրաժեշտ նյութերի հավաքելը, աղջիկները սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղիկներով զարդարվելու, ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էին նրանց երգերը: Սկսվում էր ծաղիկը երգերով գովելով փնջելու ու վիճակի պուլիկը պատրաստելու հաճելի ծեսը: Երգելու, ծաղիկ փնջելու ընթացքում միաժամանակ կատակով ծաղրում էին տղաներին, որոնք պատրաստվում էին աղջիկների պատրաստած Վիճակի պուլիկը գողանալ և հավանաբար մոտակայքում թաքնված հետևում էին նրանց: Պատրաստում էին հարյուրավոր ծաղկեփնջեր, որոնք հաջորդ օրը պետք է նվիրաբերվեին: Պատրաստվում էին նաև ծաղկեպսակներ, որոնք նախատեսվում էին իրենց՝ աղջիկների զարդարվելու համար: Վերջում պատրաստում էին ամենամեծ ծաղկեփունջը՝ «Ծաղկամերը» և դրվում էր այն պուլիկի վրա, որի մեջ արդեն լցվել էր հավաքած անհրաժեշտ բոլոր պարագաները: Մութն ընկնելուց հետո աղջիկները խոտերի մեջ թաքցնում էին վիճակի փարչը և շուրջ բոլորը զարդարում ծաղկեփնջերով: Գիշերը փարչը պետք է մնար բաց երկնքի տակ՝ «աստղունք», Համբարձման հրաշալի, կախարդական գիշերվա զորավոր հմայքին ենթարկվելու և առավոտյան ցողով օծվելու համար:

Համբարձման չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը մեկը մյուսից խորհրդավոր ու զարմանալի գուշակությունների, հրաշալիքների ու կախարդանքների գիշեր է համարվում:
Հինգշաբթին տոնական հանդիսությունների հիմնական օրն է: Ամենուրեք զարդարված է ծաղիկներով: Աղջիկները նախ բերում էին իրենց պահած Վիճակի սափորն ու ծաղիկները: Լինում էին սակայն դեպքեր, երբ տղաները գտած էին լինում պահուստը և գողացած: Այդպիսի դեպքերում՝ տղաները պարծենալով շրջում էին թաղերում ու երգում: Աղջիկները թափուր գտնելով սափորի պահած վայրը՝ բանակցությունների մեջ էին մտնում տղաների հետ՝ սափորը և ծաղիկները ետ գնելու նպատակով: Երկար բանակցություններից հետո աղջիկները ետ էին բերում փարչն ու ծաղիկները, սակայն վիճակի զորությունն այլևս կասկածի տակ էր դրվում:
Անչափահաս մի աղջնակի զուգում էին հարսի հագուստով, և ամբողջ խումբը դուրս էր գալիս երգ ու պարով, սափորը պար ածելով և «Վիճակը» գովերգելով: Աղջիկների խումբը մտնում էր բակերը, երգելով բարեմաղթություններ հղում տանտերերին, նրանց ծաղկեփունջ ու սափորի «աստղունք» դրած ջուր նվիրում՝ փոխարենը ձու, կարագ, կաթ, պանիր ստանում: Աղջիկների նվիրած ջուրը լցնում էին խնոցին, որ յուղն անպակաս լինի, ծաղկեփունջը դնում էին ամբարի վրա, որ հացն անպակաս լինի, կամ կերցնում էին կաթնատու կովերին ու լծկան եզներին, իսկ իրենք ընտանիքի անդամների թվով մեկական փոքրիկ իր էին գցում վիճակի սափորը՝ իրենց բախտը գուշակելու նշան: Վերջապես «Վիճակը» պտտված էր. բոլորն այգի էին շտապում կամ էլ դաշտերն ուր տեղի պիտի ունենար Համբարձման կարևորագույն ծեսը՝ վիճակահանությունը: Շատ վայրերում խմբերը՝ կին, հարս աղջիկ, ծեր ու երիտասարդ, ուրախ երգելով ու խաղալով շարժվում էին դեպի դաշտերի ու սարերի աղբյուրները՝ ուտում էին, խաղում, պարում, երգում և մինչև ուշ երեկո քեֆ ու ուրախություն էին անում: Այդ նույն ժամանակ աղջիկների խմբերը բազմում էին խոտերի վրա, իրենց կենտրոնում ունենալով վիճակի փարչը: Փոքրիկ հարսնացուն նստում էր փարչի մոտ՝ երեսը քողով ծածկած: Որպես անարատ, միամիտ երեխա՝ նա էր, որ պիտի յուրաքանչյուր բախտագուշակ քառյակից հետո հաներ նշանները փարչի միջից և ըստ այդ քառյակի բովանդակության վճռվեր նշանի տիրոջ վիճակը՝ բախտը:  Սկսվում էր հարյուրավոր քառյակների շքերթը շրջապատող բազմության մեջ, դրական վիճակ ընկած նշանի տիրոջ ուրախությունը կիսելու, բացասականին մխիթարելու ժամանակը: Վիճակահանությունն ավարտվում էր փարչում մնացած ջուրը արտերում ու խոտհարքներում շաղ տալով: Երեկոյան տունդարձի երգը վկայում էր տոնի ավարտը: Համբարձումից մինչև Վարդավառ ուխտատեղի չէին գնում, համարելով, որ սրբերը համբարձված են:
Նյութի աղբյուրը՝ «Հայ ժողովրդական տոներ» գիրք:
MEDIAINFORM 17.05.2007

Ապրիլի 8-ին մեզանում նշվում է Սուրբ Զատիկը՝ Հարության տոնը: Այս օրվա խորհուրդը ներկայացնելուց առաջ նախ նշենք, որ քրիստոնեության մեջ մեծ տեղ են գրավում խորհրդածեսերն ու տոները: Քրիստոնեական տոները բաժանվում են «տերունական»՝ նվիրված Քրիստոսին և նրա հիշատակին (Ծնունդ, Մկրտություն, Տեառնընդառաջ, Հարություն, Համբարձում, Հոգեգալուստ, Վարդավառ և այլն) և «մարտիրոսաց» տոներ՝ նվիրված սրբերի հիշատակին:

Հարությունը (Զատիկը) քրիստոնեության գլխավոր տոնն է և նվիրված է խաչված Քրիստոսի՝ մեռյալներից «հրաշքով հարությանը»:
Վաղ քրիստոնեության մեջ Հարության տոնակատարությունը համընկնում էր հրեական կրոնի Զատկի հետ: Այն, որ Զատիկը պետք է նշվի գարնանային օրհավասարից և լիալուսնից հետո՝ առաջին կիրակի օրը, անպայման հրեական զատկի տոնակատարության օրից առանձին, որոշվել է քրիստոնեական եկեղեցու 325թ. առաջին Տիեզերական ժողովի ժամանակ, այդ պատճառով էլ քրիստոնեական Զատիկը շարժական տոն է:

Ինչու՞ են քրիստոնյա ազգերն այդքան մեծ տեղ տալիս Զատկին և ի՞նչ է նշանակում այն: Ամբողջական պատկերացման համար հարկավոր է անդրադառնալ աստվածաշնչյան ակունքներին, երբ Աստվածընտրյալ հրեա ժողովուրդը գտնվում էր Եգիպտոսի գերության մեջ: Ըստ Հին Կտակարանի՝ փարավոնը տեսնելով, որ հրեաները շատ են բազմանում և զորանում, հրամայում է նրանց բոլոր արու զավակներին սպանել: Ամբողջ հրեա ազգի մեջ սուգ է տիրում և նեղության պահին դիմում են իրենց Եհովա Աստծուն: Այդ ժամանակ Աստված պատվիրում է Մովսեսին, որ հրեա ժողովրդի ամեն ընտանիք իր ասած օրը մեկ տարեկան գառ վերցնի, մորթի ու ուտի, ապա արյունը քսի իրենց դռների կողափայտերին, որովհետև այդ գիշեր Աստծու հրեշտակը պետք է անցնի Եգիպտոսի վրայով ու, որ դռան վրա գառան արյուն չլինի, այդ տեղի առաջնեկին զարկի: Եվ հրեա ազգը կատարելով Աստծու հրամանը՝ ուտում է գառը, իսկ արյունը դռներին քսում: Կեսգիշերին ողջ Եգիպտոսում սուգ ու վայնասուն է բարձրանում, քանզի փարավոնի տնից սկսած՝ բոլոր առաջնեկներին մեռած են գտնում: Այդ ժամանակ միայն հրեաներին ազատ են արձակում, որոնք իրենց ամբողջ ունեցվածքով դուրս են գալիս մահաբեր Եգիպտոսից: Աստված հրամայում է, որ միշտ տոնեն այդ օրը, որն անվանվում է Զատիկ, հրեական լեզվով՝ Պասեք և նշանակում է «Անցում»:

Իսկ ի՞նչ կապ ունի Քրիստոսը այդ պատմության հետ: Երբ Աստծո որդին՝ Հիսուսն աշխարհ եկավ մարմնով՝
կատարելով մեծամեծ հրաշքներ ու բժշկություններ՝ անգամ մեռելներին հարություն տվեց, շատերը հավատացին և ընդունեցին նրան որպես երկինքն ու երկիրն արարող Աստծո Որդի, բայց քահանայապետերը, փարիսեցիները և դպիրները թշնամացան նախանձից և կեղծ ամբարտավանությամբ հռոմեացի կուսակալ Պիղատոսին փորձեցին հավատացնել, որ Հիսուսը մեղապարտ է և և որ պետք է ենթարկվի անարգ մահվան՝ այսինքն խաչվի: Ըստ հրեական օրենքի՝ Զատկի տոնակատարության օրն իրավունք կար մեկ մահապարտի ազատ արձակել՝ ներում շնորհելով: Եվ երբ Պիղատոսը ժողովրդի առջև է հանում մարդասպան Բարաբային և անմեղ Հիսուսին, ապա ի զարմանս նրա՝ ժողովրդի մեծ մասն աղաղակում է, որ Հիսուսին խաչեն, իսկ Բարաբային ազատ արձակեն: Այսպես էլ անում են՝ խաչում են Հիսուսին երկու ավազակների մեջտեղում (ի դեպ՝ այս իրողությունն, ըստ քրիստոնեական եկեղեցու, կատարվել է մոտ 2000 տարի առաջ): Պետք է կարևորել, որ դեռ չխաչված՝ Հիսուսն իր աշակերտներին ու հետևորդներին ասում է, որ իրեն կսպանեն, բայց ինքը երրորդ օրը հարություն կառնի մեռելներից: Երբ յուղաբեր կանայք Զատկից 2 օր հետո գնում են նրա գերեզման, ապա տեսնում են, որ քարը մի կողմ է գլորվել և գերեզմանը դատարկ է, իսկ լուսափայլ հանդերձներով հրեշտակներն ասում են նրանց. «Ինչու՞ եք ողջը մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, ապա ՀԱՐՈւԹՅՈւՆ առավ» (Ավետարան ըստ Ղուկասի 6,24):   
Այդ է պատճառը, որ աշխարհի քրիստոնյա ժողովրդի համար Զատիկը հանդիսանում է որպես մեծագույն խորհուրդ, որովհետև ինչպես Հիսուսը հարություն առավ մեռելներից, այնպես էլ իրեն հավատացողները պետք է հարություն առնեն և իրենց Աստծո հետ լինեն:
Թերևս մեծ կրոններից ոչ մեկն այսքան չի պնդել անմահության գաղափարը, որքան քրիստոնեությունը: Քրիստոնեությունը յուրահատուկ տեղ է տալիս հարությանը, որովհետև Քրիստոսի մահվամբ ու հարությամբ իրական տեսք է ստանում անմահության ձգտումը:
Նյութի աղբյուրը՝ «Կրոնի պատմության համառոտ ակնարկ» գիրքը:
MEDIAINFORM  09.04.2007

 

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են MEDIAINFORM լրատվական գործակալությանը:
Նյութերն ամբողջությամբ կամ դրանցից մասնակի մեջբերումներ կատարելիս հղումը
MEDIAINFORM-ին պարտադիր է:
® ©  2002 - 2007  MEDIAINFORM news agency, Magistros-Trophy LLC. All rights reserved