|
Անկախացումից
հետո ՀՀ-ում ազգագրական վիճակը մեծ փոփոխությունների է
ենթարկվել, իսկ ներկայիս ազգագրական հիմնախնդիրները շատ
մտահոգիչ են: Այս
հիմնախնդիրների մասին
MEDIAINFORM-ի
հետ ունեցած հարցազրույցում պարզաբանումներ է տալիս
ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության Գարիկ Հայրապետյանը:
Հետխորհրդային տարիներին ծնելիությունը Հայաստանում
կրկնակի անկում է ապրել: 1990թ. համեմատ՝
2005թ. ծնունդների թվաքանակը 1000 բնակչի
հաշվով նվազել են համապատասխանաբար 2.1 և 1.9
անգամ (2005-ին գրանցվել է 37 499 ծնունդ՝ 1990թ.
79 882-ի դիմաց և 11.7%՝ 22.5%-ի դիմաց):
Ճիշտ է, վերջին տարիներին, 2001-ի համեմատ, ծնունդների
թիվն աճել է՝ տարեկան կազմելով շուրջ 38-39 000,
սակայն դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ մեկ կինն
արդեն ավելի շատ երեխաներ է ունենում, այլ նրանով, որ
70-ականների վերջին և 80-ականների սկզբին դեմոգրաֆիական
բուռն աճի պայմաններում ծնված երեխաներն արդեն մտել են
վերարտադրողական տարիք, այսինքն՝ մեծացել է ծննդկանների
թիվը: Սակայն եթե 70-80-ական թթ-ի բուռն աճի
արդյունքում ծնունդներն այսօր շուրջ 38-39 000-ն
են, ապա ինչպիսի՞ն կլինի պատկերը մոտ 10 տարի անց,
եթե 90-ական թթ տարեկան գրանցվել է ընդամենը
20-25 000 ծնունդ: Հաշվումները թույլ են տալիս
եզրակացնել, որ 10 տարի հետո ներկայիս սերնդի տված
ծնունդները կլինեն ընդամենը 15-20 000:
Ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս
նաև, որ 1 կնոջ հաշվով ծնելիության գումարային
գործակիցը նվազել է՝ ներկայումս կազմելով 1,4 երեխա,
այնինչ ընտանիքի վերարտադրությունն ապահովելու համար այդ
ցուցանիշը պետք է նվազագույնը լինի 2,1: Այս
հանգամանքը նաև ազգային անվտանգության խնդիր է, քանի որ
Հայաստանը շրջապատված է մուսուլմանական երկրներով, իսկ,
ըստ կանխատեսումների, մինչև 2030թ. այդ երկրների
բնակչության թվաքանակն աճելու է 2 անգամ, այն էլ
այն դեպքում, երբ լուծված չեն նաև տարածաշրջանային որոշ
խնդիրներ:
Ծնելիության
մասին խոսելիս պետք է ընդգծել նաև կանանց և տղամարդկանց
վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրները:
Հայաստանի ողջ տարածքում այս ուղղությամբ կատարված
հետազոտություններն ավելի քան մտահոգիչ են. ներկայումս հայ
կանանց 30%-ի մոտ առկա են սեռական օրգանների
լուրջ բարդություններ, իսկ 85-90%-ի մոտ կա
որևէ խանգարում կամ ախտահարում: Սա մասամբ պայմանավորված է
նաև նրանով, որ մեզանում կայացած չէ բժշկի մոտ պրոֆիլակտիկ
ստուգման գնալու մշակույթը: Պետք է իմանալ, որ արգանդի
վզիկի քաղցկեղը քաղցկեղի այն միակ տեսակն է, որը ժամանակին
կանխորոշելու դեպքում կարելի է բուժել, սակայն այդ
քաղցկեղը մեզանում բավականին մեծ տարածվածություն ունի:
Այսօր երկրորդական անպտղության ցուցանիշը (երբ առաջին
երեխան ունենալուց հետո այլև երեխա չեն ունենում)
Հայաստանում կազմում է մոտ 30%: Լուրջ է նաև
առաջնային անպտղության խնդիրը. այդ ցուցանիշը կազմում է
5%: Ուստի ընդհանրացնելով՝ պետք է նշել, որ
այսօր Հայաստանում ամուսնական զույգերի 35%-ի մոտ առկա է
անպտղության խնդիրը:
Ժողովրդագրական-առողջապահական
ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ
Հայաստանում նվազել է նաև սեռական ակտիվությունը: Դրա
մասին է վկայում այն, որ 2000-2005թթ
հակաբեղմնավորիչների օգտագործումը 4 անգամ նվազել է:
Նվազել է նաև աբորտների թիվը:
Հետխորհրդային շրջանում նկատվում է նաև ամուսնությունների
ցուցանիշի նվազում
գրեթե 2,8 անգամ: Ճիշտ է, վերջին տարիներին որոշակի
չափով աճ կա, սակայն ներկայիս ցուցանիշերը շարունակում են
բավականին հեռու մնալ բավարար լինելուց: Եթե 1990-ական
թթ 3,5 մլն բնակչության պարագայում տարեկան
28 000 ամուսնություն է գրանցվել, ապա այսօր 3,2
մլն բնակչության պարագայում՝ ընդամենը
16,500-17 000 ամուսնություն:
Բացի այդ՝ առաջին ամուսնության միջին տարիքը բավական
բարձրացել է՝ տղամարդկանց մոտ 2,5 տարով՝
միջինում հասնելով 25,5-ի, կանանց մոտ՝ 1,6
տարով՝ միջինում հասնելով 22,3-ի: Այս հանգամանքը
ևս ծնելիության նվազման պատճառ է հանդիսանում:
Ամուսնությունների թվի նվազմանը զուգընթաց աճել է
ամուսնալուծությունների թիվը: Եվ ընդհանրապես տեղի
է ունեցել մտածելակերպի փոփոխություն: Ընտանիքներում այլևս
չկա 1-2 երեխայից ավելի երեխա ունենալու
ցանկություն, դա նկատվում է նույնիսկ բավականին բարենպաստ
պայմաններում ապրող ընտանիքներում: Սա էլ եվրոպականացման և
ազատականացման միտման արդյունքն է: Օտարազգիների հետ
ամուսնություններ նույնպես պարբերաբար գրանցվում են, իսկ
արտամուսնական կապերի արդյունքում ծնված երեխաների թիվը
համարյա անփոփոխ է. նորածինների 4-5%-ի դեպքում է,
որ հայրությունն ընդհանրապես չի ճանաչվում:
Դեմոգրաֆիական
հաջորդ խնդիրն այն է, որ հայ ազգը ծերանում
է: Մեծանում է Հայրենական պատերազմի տարիներին
ծնվածներից կենսաթոշակի անցնողների թիվը: Առաջիկա 4-5
տարիներին ևս թոշակի անցնողների թիվն աճման միտում է
ունենալու: Հետխորհրդային տարիներին բնակչության ծերացման
գործընթացի արագացումը պայմանավորված է ծնելիության
մակարդակի կտրուկ անկմամբ և աշխատանքային տարիքի
բնակչության էմիգրացիոն ակտիվությամբ: Պետք է փաստել, որ
կենսաթոշակային տարիքի բնակչության տեսակարար կշիռը
2006թ.-ին, 1990թ համեմատ, աճել է 3.6
տոկոսային կետով՝ կազմելով 12.7%: Մինչդեռ
ժողովրդագրական բնականոն զարգացման պայմաններում այս
ցուցանիշը չպետք է գերազանցի 9%-ը: Այս հանգամանքն
էլ, բնականաբար, իր հերթին բացասաբար է անդրադառնում նաև
երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Եթե կենսաթոշակային
տարիքի անձինք մեծ թիվ են կազմում, նշանակում է, որ
պետության սոցիալական բեռն ավելանում է: Այսպիսի
պայմաններում 10 տարի հետո 1 աշխատողը ստիպված կլինի հոգ
տանել 5 տարեց մարդու համար՝ վճարելով սոցիալական վճարներ,
քանի որ մոտ 10 տարի անց կենսաթոշակային տարիքում գտնվող
բնակչությունը կազմելու է բնակչության ընդհանուր թվաքանակի
շուրջ 30%-ը: Բնակչության ծերացումը նշանակում է
նաև, որ աստիճանաբար նոսրանում է հայաստանյան
աշխատաշուկան, ինչի արդյունքում Հայաստանը կարող է կորցնել
գրավչությունը միջազգային շրջանակներում:
Անկախացումից հետո, ծերացման հետ մեկտեղ, երկրում ավելի
քան 30%-ով աճել է մահացությունը:
Եթե 1990թ. գրանցված մահվան դեպքերը կազմել են
19 000, ապա 2005-ին գրանցվել է 27 000
մահվան դեպք: Սակայն այս պարագայում կա մի դրական միտում.
այն, որ կտրուկ անկում է ապրել երեխաների և մայրական
մահացությունը: Բայց այս դեպքում ևս կան խնդիրներ, որոնք
ավելի ուշ են ի հայտ գալիս՝ հիմնականում թերսնման հետ
կապված: Հայաստանում 30% ծայրահեղ աղքատության
պայմաններում շատ երեխաներ հիմնականում մարզերում թերսնման
արդյունքում առավել խոցելի են դառնում բազմապիսի
հիվանդությունների ձեռք բերման առումով: Հաճախ են հնչում
նաև դժգոհություններ և կարծիքներ, որ մերօրյա
երիտասարդությունը չունի գիտելիքների պաշար և որ այսօրվա
ուսումնական հաստատություններում և դպրոցներում կրթական
մակարդակը ցածր է, բացի այդ՝ դպրոցներում երեխաների
ընդգրկվածությունն ընդամենը 84% է, այն դեպքում, երբ
Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 90-93%:
Ինչ խոսք, ժողովրդագրական խնդիրները չափազանց կարևոր են,
սակայն լուրջ և շրջահայաց մոտեցումներն, անշուշտ, կտան
իրենց արդյունքները: Այս միտումով 2005-ից ՄԱԿ-ի
բնակչության հիմնադրամը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության հետ համատեղ ձեռնարկել է Հայաստանի ազգային
դեմոգրաֆիական հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով նաև
Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ)
վերանայող հանձնաժողովի անցկացրած ուսումնասիրությունները:
MEDIAINFORM 01.06.2007
|