|
«Հայաստանը
ոչ միայն ունի նախադրյալներ տուրիզմի զարգացման համար, այլև տուրիզմի
զարգացումն անհրաժեշտ է Հայաստանին ընդհանուր տնտեսական զարգացման համար:
Հայաստանն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն, գեղեցիկ բնություն և
չափազանց հյուրասեր ժողովուրդ, իսկ զբոսաշրջիկների համար տվյալ երկիրը որպես
զբոսավայր ընտրելու կարևոր նախապայմաններից մեկն այդ երկրում ընդունված
լինելն է, ինչը Հայաստանում ապահովված է: Պետք է կարևորել նաև, որ
տուրիզմը զարգացնելու համար նախ և առաջ պետք է բարձրացվի տվյալ
երկրի կենսամակարդակը, որովհետև երկիրը զբոսաշրջիկների համար առավել գրավիչ
է, եթե այնտեղ բարձր է կյանքի որակը. քանի որ զբոսաշրջավայրը միայն
տվյալ երկիրը չէ, դա նաև կյանքն է տվյալ երկրում:
Սկսած 2001-ից՝ Հայաստանում զբոսաշրջությունն արագ տեմպերով զարգանում
է:
Դա է
վկայում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ աճը: Եթե 2000թ-ին
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 40-45 000, ապա
2001-ին այդ թիվն աճել է մոտ 3 անգամ՝ հասնելով շուրջ 123
000-ի: 2001-ից մինչ այս տարի զբոսաշրջիկների թվի միջին տարեկան աճը
կազմել է մոտ 25%: 2006թ-ին Հայաստան է այցելել շուրջ 381
000 զբոսաշրջիկ՝ 2005-ին գրանցված ցուցանիշերից
20%-ով ավելի: Ի դեպ՝ Հայաստանի պոտենցիալ զբոսաշրջիկները
հանդիսանում են Սփյուռքի ներկայացուցիչները. նշում է ՀՀ
Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության պետ
Մեխակ Ապրեսյանը: Իսկ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը
կարելի է բացատրել ոչ միայն նրանով, որ զբոսաշրջիկների համար մեծացել է
Հայաստանի գրավչությունը, այլև աշխարհում մեծացել է Հայաստանի
ներկայացվածությունը: Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացումն
արդյունքն է նաև 2000թ. ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանում
զբոսաշրջության ոլորտի զարգացման հայեցակարգ»-ի, որում առաջադրվել էին մի
շարք խնդիրներ: Նախ մեր զբոսաշրջային ծառայությունները մրցունակ չէին, և,
ընդհանրապես, Հայաստանը մրցունակ չէր որպես զբոսաշրջավայր, ուստի հարկ էր
ապահովել մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ տարրերը՝ որակ, գին,
մարդկային ռեսուրսներ՝ այդ թվում զբոսավարներ և ձևավորել Հայաստանի՝
զբոսաշրջության համար գրավիչ երկրի բարձր վարկանիշը, ինչի ուղղությամբ
պարբերաբար տպագրվում են գովազդատեղեկատվական նյութեր և տարածվում պահանջարկի
շուկաներում, իսկ
2006-ից արդեն Սի-ԷՆ-Էն (СNN) հեռուստաալիքով
հեռարձակվում են Հայաստանի տեսարժան վայրերի մասին պատմող տեսահոլովակներ:
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է տարբեր զբոսաշրջային ցուցահանդեսների:
Հայեցակարգի ընդունմամբ հստակեցվել են զբոսավարների և ուղեկցորդների
գործունեության լիցենզավորման հարցերը: Իսկ տուրիստական գործակալությունների
լիցենզավորումը դեռ վաղ էր, քանի որ ցանկացած սահմանափակում նոր զարգացող
շուկայում խոչընդոտում է ազատ մրցակցությունը: Զբոսաշրջության ոլորտում
մատուցվող ծառայությունների կայուն որակի ապահովմանն ու մրցակցային շուկայի
ընդարձակմանն էր ուղղված նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտների
որակավորման կամ այսպես կոչված «աստղերի» համակարգը, ինչն անուղղակի ձևով
ազդում է նաև այդ ոլորտում գնային քաղաքականության վրա, քանի որ նույն գնի
պայմաններում բնականաբար գերադասելի է առավել բարձր որակավորմամբ հյուրանոց:
Պետք է նշել, որ Հայաստանում՝ մասնավորապես Երևանում, հյուրանոցաշինությունը
ծաղկում է ապրում: Դա նախ նշանակում է, որ դրանց պահանջարկն իրոք կա: Բացի
այդ՝ Հայաստանը նաև դրանով է մրցունակ դառնում զբոսաշրջային շուկայում:
Սակայն հարկ է ընդգծել նաև, որ այդ հյուրանոցներով չէ, որ մենք պետք է
զարմացնենք մեր երկիր այցելող զբոսաշրջիկներին. հյուրանոցները պետք է
պարզապես ծառայեն գիշերակացի համար:
Այդ հյուրանոցներն ավելի կզարմացնեն զբոսաշրջիկներին և ավելի գրավիչ կլինեն,
եթե դրանք ազգային առանձնահատկության տարրեր պարունակեն, չնայած որ դա էլ
նախասիրությունների հարց է, այդուհանդերձ՝ զբոսաշրջիկներին ավելի գրավում է
առանձնահատուկն ու տվյալ երկրին առավել բնորոշը, քանի որ եվրոպական
չափանիշերին նրանք արդեն իսկ ծանոթ են: Սակայն այսօր Հայաստանում
շարունակվում է
բարձրակարգ
և թանկարժեք հյուրանոցային համալիրների կառուցման միտումը, իսկ միջին
մակարդակի հյուրանոցների կառուցման համար ներդրումներ չեն արվում, չնայած որ
դրանք էլ պակաս պահանջարկ չեն վայելում և պակաս շահավետ չեն լինի:
Զբոսաշրջության ոլորտում բացեր կային նաև կադրերի առումով, քանի որ միջին
օղակում անհրաժեշտ թվով մասնագետներ չէին պատրաստվում: Սակայն այսօր արդեն
Հայաստանում գործում են համապատասխան կրթօջախներ և կան պահանջարկին
համապատասխան կրթական ծրագրեր:
Տուրիզմի զարգացման պարագայում շատ կարևոր է համագործակցությունը շահագրգիռ
կողմերի միջև, այն է՝ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և
ոլորտում տնտեսվարող սուբյեկտների միջև, ինչը ևս ներառված է վերոնշյալ
հայեցակարգում:
Բացի այդ՝ տարեցտարի ավելանում են պետական հատկացումները
տուրիզմի ոլորտում: Եթե 2005թ-ին ոլորտի զարգացման համար հատկացվել է
շուրջ 20 մլն դրամ, ապա 2006-ին այդ հատկացումները կազմել են
35 մլն դրամ, իսկ ՍԻ-Էն-Էն-ով տեսահոլովակներ ցուցադրելու
համար տրամադրվել են հավելյալ գումարներ:
Պետք է կարևորել նաև, որ տուրիզմը զարգացնելու համար նախ և առաջ պետք է
բարձրացվի տվյալ երկրի կենսամակարդակը, որովհետև երկիրը զբոսաշրջիկների համար
առավել գրավիչ է, եթե այնտեղ բարձր է կյանքի որակը. քանի որ
զբոսաշրջավայրը միայն տվյալ երկիրը չէ, դա նաև կյանքն է տվյալ երկրում:
Տուրիզմի զարգացմանն անդրադառնալիս պետք է անպայման խոսել կայուն
զարգացման մասին, երբ այս սերունդն օգտվում է բնությունից՝ չսպառելով,
սակայն, ապագա սերունդների՝ բնական պաշարներից օգտվելու հնարավորությունները:
Հենց այս խնդրի լուծմանն է ծառայում նաև ազգային պարկի գաղափարը: Ի
դեպ՝ այսօր ազգային պարկերի զարգացման ուղղությամբ ևս տարվում են
աշխատանքներ, մասնավորապես պայմաններ են ստեղծվում ազգային պարկերը որպես
զբոսաշրջավայրեր զարգացնելու և դրանցում ռեսուրսների վերարտադրությունը
հնարավորինս ապահովելու ուղղությամբ:
Ամեն դեպքում՝ Հայաստանը որպես զբոսաշրջավայր զարգացնելու համար մենք չպետք է
կորցնենք մեր առանձնահատկությունները և ինքնատիպությունը, այլապես մենք
պարզապես կկորցնենք մեր հետաքրքրությունն աշխարհում: Ու քանի որ Հայաստանի
պատմամշակութային հուշարձանները սփռված են երկրի ողջ տարածքով մեկ, ուստի,
զարգացնելով տուրիզմը, մենք զբոսաշրջիկներին կարող ենք առաջարկել հետաքրքիր
զբոսաշրջային փաթեթ, որը կարող է ներառել թե՛ էկո-, թե՛ ագրո- և թե՛
պատմամշակութային տուրիզմը: Միտում կա կազմակերպել նաև կոմբինացված տուրեր
տարածաշրջանային երկրներում: Այստեղ պետք է նշել, որ տարածաշրջանային
երկրների կտրվածքով պատմամշակութային ժառանգության առումով Հայաստանը մրցակից
է Վրաստանի հետ, սակայն Վրաստանը նաև ծովային հանգիստ է առաջարկում, ինչը
Հայաստանն առաջարկել չի կարող: Հայաստանն ունի Սևանա լիճ, որում
զբոսաշրջիկները չեն լողում ջրերի աղտոտվածության պատճառով և որտեղ ապահովված
չէ նաև անվտանգությունը: Սակայն այս հարցերն էլ են, ի թիվս այլ խնդիրների, ՀՀ
կառավարության ուշադրության ներքո:
Հայաստանն, անխոս, հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, և նույնիսկ
հեռավոր մարզերում կամ լեռներում կարելի է հանդիպել հին ու զարմանալի
կոթողների: Սակայն դեպի այդ կոթողները և պատմական հուշարձանները տանող
ճանապարհները հաճախ դժվարանցանելի են, նույնիսկ անանցանելի: Որոշ դեպքերում
նույնիսկ դրանք շրջապատված են անդուր տեսարաններով և աղբավայրերով: Սա մեր
հիմնական հարցերից մեկն է, սակայն Հայաստանում ճանապարհաշինությունն
իրականացվում է բավականին լայն տեմպերով: Աղբի վերացման ուղղությամբ տարբեր
ակցիաներ են կազմակերպվում և փորձում ենք ինքնագիտակցությունը բարձրացնել, որ
մեր երկիրը մենք մաքրում ենք նախ մեզ համար, և ոչ թե միայն զբոսաշրջիկների
համար:
MEDINFORM
15.06.2007
Ջերմուկում
կառուցվում է ճոպանուղի:
Ճոպանուղու կառուցման համար կառավարության կողմից հատկացվել է շուրջ 1 մլրդ
300 մլն դրամ: Կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտվել արդեն այս
տարվա հոկտեմբեր ամսին: Այսպիսով Ջերմուկը միտում ունի դառնալ մրցակից
Ծաղկաձորին, իսկ Ջերմուկում ճոպանուղու կառուցմամբ կառավարությունը նպատակ ունի
երկարաձգել զբոսաշրջության սեզոնը Հայաստանում, քանի որ մեզ մոտ այդ սեզոնը կարճ
է, իսկ մինչ այժմ ՀՀ-ում ձմեռային զբոսավայր հանդիսանում էր միայն Ծաղկաձորը:
Այս մասին
MEDINFORM-ին
տեղեկացրեց ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության
վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
MEDINFORM 03.06.2007
|